ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Ալեքո և Անի Պեզիքյան կենտրոնի բացմանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/aa1.jpg)
Հունիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Անարատ Հղության Հայ Քույրերի միաբանության նախաձեռնությամբ և իտալահայ բարերար Ալեքո և Անի Պեզիքյան ընտանիքի միջոցներով կառուցված և կահավորված Կենտրոնի բացմանը: Երևանի Թբիլիսյան խճուղու վրա կառուցված Կենտրոնը շարունակությունն է Գյումրիում գործող «Տիրամայր Հայաստանի» կրթօջախի և նախատեսված է ծառայելու որպես կացարան ու կենտրոն այն երիտասարդ աղջիկների համար, ովքեր լինելով անապահով ընտանիքից` կուսանեն Երևանի ուսումնական հաստատություններում: Ինչպես նշեց բարերար Ալեքո Բեզիքյանը` Կենտրոնն իր բոլոր հարմարությունները և հնարավորությունները կծառայեցնի օրինակելի քրիստոնյա և ազգային դաստիարակությամբ հայ օրիորդներ և ապագա մայրեր դաստիարակելու համար:
Գնահատանքի խոսք ուղղելով Պեզիքյան ընտանիքին` նախարար Հրանուշ Հակոբյանն այս նախաձեռնությունը գնահատեց որպես իրական հայրենասիրության, բարեգործության և հոգևոր միասնականության հրաշալի օրինակ:
Կենտրոնի բացմանը ներկա էին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի, Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս-պատրիարք Ներսես-Պետրոս ԺԹ-ի պատվիրակները, Հայաստանի Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Հ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպաններ, կրոնական, հասարակական, մշակութային գործիչներ, սփյուռքահայ բազմաթիվ հյուրեր: