ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ծերունյանի դասախոսությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/k3.jpg)
Հունիսի 11-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USCU) պրոֆեսոր, կառավարչական հմտությունների բաժանմունքի հանրային կառավարման ծրագրի ղեկավար Ֆրենկ (Վռամշապուհ) Ծերունյանը ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար հանդես եկավ կառավարչական և գործնական հմտությունների մասին դասախոսությամբ:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հատկապես երիտասարդությանը կառավարչական գիտելիքներ ու կառավարման հմտություններ փոխանցելուն միտված նրա գործունեությունը:
Պարոն Ծերունյանը պատկերաշարով ներկայացրեց իր ուսումնասիրությունը, անդրադարձավ USCU համալսարանի Հանրային կառավարման բաժանմունքի՝ իր ղեկավարությամբ գործող ծրագրին, որի նպատակը ուսանողներին կառավարչական գիտելիքներ և գործնական հմտություններ ուսուցանելն է: Նա դասախոսություններ է կարդացել աշխարհի տարբեր երկրներում, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում:
«Մեր երիտասարդ պետությանն անհրաժեշտ են կառավարչական հմտություններ ունեցող երիտասարդ մասնագետներ, և ես նպատակ ունեմ ԱՄՆ վերադառնալուց հետո, իմ համախոհ ընկերների միջոցով մի հիմնադրամ ստեղծել, որը հնարավորություն կտա պարբերաբար Հայաստան ուղարկել այս ոլորտի դասախոս-մասնագետների», -նշեց նա: