Փարիզում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գիտաժողով
Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ Փարիզում կայացել է «Ֆրանսիա՝ երկիր, որն ընդունեց Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին» խորագրով գիտաժողով, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Այս մասին հայտնում է Արմենպրեսը:
Nouvelles d’Arménie-ի փոխանցմամբ՝ գիտաժողովում պատմաբան Իվ Թերնոնը ներկայացրել է պատմական ժամանակաշրջանն ու այն պայմանները, որոնց մեջ գտնվող Ֆրանսիան ընդունել է փախստականներին:
Վալերի Թորանյանը ներկայացրել է իր ընտանիքի պատմությունն ու այն սարսափը, որով անցել է նրա տատիկը: Նա շեշտել է, որ այդ հայերն ու նրանց սերունդները Ֆրանսիան ընդունել են որպես երկրորդ տուն եւ նպաստել ինչպես Ֆրանսիայի կայացմանը, այնպես էլ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը:
Սենատում Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ ԷսթերԲենբասան էլ պատմել է Ստամբուլում անցկացրած իր մանկության մասին: