Նախագահը Կաննում մասնակցել է «Միդեմ-2015» միջազգային երաժշտական փառատոնի միջոցառումներին
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կաննի փառատոնների պալատում մասնակցել է «Միդեմ-2015» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է փառատոնի տաղավարներով, այցելել պատվավոր հյուրի կարգավիճակով այս տարի փառատոնին մասնակցող Հայաստանի տաղավար, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի տաղավարներ:
Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է «Հայաստանի պուրակ»: Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնառի, արարողությանը հրավիրված պաշտոնատար այլ անձանց և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և հանուն Ֆրանսիայի զոհված հայորդիների հիշատակին` ՀՀ Նախագահը և Կաննի քաղաքապետը ծաղկեպսակներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: