Թեհրանում հայ համալսարանականները նախաձեռնել էին Ցեղասպանության 100-­րդ տարելիցի երեկո

Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Թեհրանում Հայ համալսարանականների ընդհանուր միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել բանախոսական­ գեղարվեստական երեկո, հայտնում է «Ալիք» օրաթերթը:

Միջոցառումը սկսվել է «Տերունական աղոթքով», որից հետո հանդես է եկել «Տավիղ» երգչախումբը: Միության կողմից բացման խոսքով հանդես է եկել Նաիրի Գալստյանը: Միջոցառման ընթացքում ասմունքներ են հնչել: Ապա օրվա բանախոս, Հայ դատի հանձնախմբի անդամ Իսիկ Հունանեսյանը խոսել է Թուրքիայի կառավարության դիրքորոշումների մասին և անդրադարձել է մինչև այսօր պաշտոնական Թուրքիայի որդեգրած մերժողական և պատմությունը խեղաթյուրող քաղաքականությանը: Նա նաև խոսել է որոշ թուրք մտավորականների կողմից Հայոց ցեղասպանության ընդունման ու դատապարտման և Ցեղասպանությանը խնդիրն արծարծելու հարցի մասին:

Բանախոսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի շեմին ճանաչման միջազգային հանրության դրական արձագանքներին: Բանախոսության երկրորդ բաժնում Իսիկ Հունանեսյանը խոսել է Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի՝ «ՀՈՒՍԿ»­ի ծավալած աշխատանքների մասին և կարևորել երիտասարդների ներգրավվածութունը հիշյալ աշխատանքներում:

Scroll Up