Համաշխարհայնացումը և ազգային ինքնությունը Օտարագիր գրողների համաժողովի քննարկման նյութ

Հուլիսի 13-ին «Համաշխարհայնացում և ազգային ինքնություն» խորագիրը կրող լիագումար նիստով Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանն իր աշխատանքները վերսկսեց ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության համատեղ կազմակերպած Օտարագիր հայ գրողների «Համաշխարհայնացում և ազգային ինքնություն» խորագրով  5-րդ համաժողովը:

Երկու մասից բաղկացած նիստը վարում էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը, նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը և գրականագետ Արտեմ Հարությունյանը:

Համաշխարհայնացմանը և ազգային ինքնությանն առչվող հարցերն իրենց զեկույցներում բարձրաձայնեցին համաժողովի մասնակիցներ՝ Փիթեր Սուրյանը, Ժակլին Չելիքը, Կարո Հակոբյանը, Նինա Գաբրիելյանը, Լուսինե Գասպարյանը, Հերմինե Նավասարդյանը, Արտեմ Հարությունյանը, Կիրակոս Գոյումճյանը, Մերի Թերզյանը, Բակուր Կարապետյանը, Միհրան Մինասյանը:

Մասնակիցներից ոմանք փորձեցին նախևառաջ ճշտել, թե ինչ է ինքնությունը, ինչպես պետք է սահմանագծել ինքնության սահմանները, և համընդհանրացման պայմաններում ինչ ճանապարհներով է հանարավոր հավատարիմ մնալ ազգային ինքնությանը:

Այդ ամենը հաշվի առնելով անհրաժեշտ է փորձել մշակել նոր գաղափարախոսություն, մտածելակեպ, որը կմիավորի ամբողջ աշխարհի հայությանը:

Կարծիք հնչեց նաև, որ Հայ դատն ու Ցեղասպանության հարցը հայության համար այսօր վերածվել են յուրօրինակ գաղափարախոսության, սակայն, բավարար չեն ողջ հայության միասնականության ապահովման ու հզորագույն ուժ դառնալու համար:

Արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը ներկայացրեց հայեցակարգ (նախագիծ), որն առաջարկում էր ստեղծել «Ամեն հայի տուն՝ փոքրիկ Հայատան» ծրագիրը:

Ըստ արձակագրի ծրագրի առավելությունն այն է լինելու, որ հիմք է ընդունվում աշխարհով մեկ սփռված ընտանիք-բջիջները, նրանց դեպի հայության բերելը: Իսկ հայության  միասնականությունն անպայման կփրկի, կհզորացնի հայկական պետությունները, Սփյուռքի համայնքները, ընտանիքները, ազգային կառույցները: Առաջարկ արվեց այս նախաձեռնությունը վերածելու համահայկական շարժման, որը կարող է խթանիչ դեր կատարել, հայությանը միավորել, նրան դարձնել ոչ միայն  իրեն հուսալիորեն պաշտպանող միավոր, այլև համաշխարհային քաղաքակրթությունում իր կարևոր դերն ունեցող, իր կամքը թելադրող ուժ:

Նիստի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ համաշխարհայնացման ամենավտանգավոր երևույթնեից մեկը անդիմագիծ մշակույթն է, մյուսը՝ արտագաղթը: Մտահոգիչ է նաև խառնամուսնություներնն ու արևմտյան բարքերի ենթակայությունը: Եվ որպեսզի Սփյուռքում ապրողների խոսքը ազդեցիկ և տպավորիչ լինի, անհրաժեշտ է, որ մեր երգը, մեր խոսքն ու միտքը լինեն զորավոր:

Ամփոփելով լիագումար նիստը՝ առաջարկ եղավ ստեղծելու այնպիսի համահայկական մթնոլորտ, ուր հայը հպարտություն կզգա, որ պատկանում է հայ ազգին:

Հայաստանում, Սփյուռքում ապրող հայը պետք է լինի միասնական, պետք է հետապնդի մեկ նպատակ, պետք է խոսի, կարդա և երգի հայերեն: Լինի զարգացած, խիզախ, արդիականացած և այդ ամենը օգտագործի իրեն, իր երկրին և իր հայրենիքին օգտակար լինելու համար:

Համաժողովի մասնակիցները հույս հայտնեցին, որ միասնականությամբ, միմյանց հետ գաղափարների, մտքերի փոխանակմամբ հնարավոր կլինի դիմակայել դժվարություներին և համաշխարհայնացման լարած որոգայթներին:

SAM_2904 SAM_2906 SAM_2907

SAM_2917

Scroll Up