Չեխական Լիդիցեում կբացվի «Գողացված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ երեխաներ» ցուցահանդեսը
Հունիսի 1-ին ժամը 17.30-ին Չեխիայի Լիդիցե հուշահամալիրի թանգարանային հատվածում կբացվի «Գողացված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ երեխաները» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այս մասին հայտնում է Չեխիայի «Օրեր» ամսագիրը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա կգտնվեն Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Չեխիայի մշակյութի նախարար Դանիել Հերմանը։ Սա նմանատիպ առաջին ցուցահանդեսի բացումն է Լիդիցեի հուշահամալիրում։ Ինչպես տեղեկացնում է Չեխիայի մշակույթի նախարարությունը, ցուցահանդեսի կազմակերպիչներն են Լիդիցեի հուշահամալիրը, Երեւանի ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը եւ Չեխիայում Հայաստանի դեսպանությունը։
Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվում են ցեղասպանությանը զոհ գնացած երեխաների ճակատագրերը՝ լուսանկարներով ու հարակից պատմական վավերագրերով, որոնք վկայում են բռնագաղթի ճանապարհն անցած հազարավոր երեխաների ոչնչացումը թուրքական պետության կողմից կամ մանկատներում անցկացրած որբ հայ մանուկների կյանքը։
Օսմանյան կայսրությունը հիմնադրվել է եւ ծաղկում է ապրել միլիոնավոր երեխաների մահվան գնով։ Զանգվածային սպանությունների եւ բռնի իսլամացման քաղաքականությունը դարձել էր թուրքական ազգային պետության եւ ողջ կայսրության կյանքի հիմնական անկյունաքարը։ Այդ դաժան համակարգի զոհ են գնացել հազարավոր հայ, հույն, բուլղար, ինչպես նաեւ Սերբիայի, Վրաստանի, Սիրիայի, Ռումինիայի եւ այլ երկրների երեխաներ, որոնք բռնի հեռացվել են իրենց ընտանիքներից կամ էթնիկ համայնքներից եւ իսլամացվել։ Այս երեխաները կայսրության շրջանակներում նաեւ ապրել են ստրակացման պայմաններում։
Ավելի քան կես միլիոն հայ, հույն եւ սիրիացի երեխա է զոհվել կամ ընդունել իսլամ։ Թուրքիայում քրիստոնյաների նկատմամբ կիրառված այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից է , ինչը ոչ միայն սարսափելի է եւ դեռեւս մնացել է իբրեւ անպատիժ հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ։Այս մասին ասվում է Չեխիայի մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ։
Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ 2015 թվականի հունիսի 30-ը։