Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Իտալիայի Կիարի քաղաքում

Իտալիայի հյուսիսում գտնվող Կիարի քաղաքում կազմակերպվել է «Հայաստան՝ քրիստոնեության փխրուն բնօրրան » (Armenia, fragile culla della cristianità) խորագրով մեկամսյա միջոցառումների ցանկ՝ իտալական փոքր համայնքներին, միջնակարգ և բարձրագույն դասարանների աշակերտներին ծանոթացնելու հայոց պատմությանը։
Armeniangenocide100.org-ի փոխանցմամբ՝ այս միջոցառումների շրջանակներում Կիարի է հրավիրվել գերմանացի լրագրող Արմին Վեգների «Ճամփան առանց տունդարձի» հուշագրության և լուսանկարների հիման վրա 1995թ․ Միլանի հնագիտության թանգարանի կողմից կազմակերպված «Արմին Վագները և Անատոլիայի հայերը» վերնագրով ցուցահանդեսը։
Մայիսի 17-ին Կիարի քաղաքի քաղաքապետարանի Ջովաննի Ռեպոսսի սրահում տեղի է ունեցել ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Իտալիայում Հայաստանի հյուպատոս Պիետրո Կուչուկյանի, Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի, Gariwo կազմակերպության համահիմնադիր, գիտությունների թեկնածու, հրապարակախոս Աննա Մարիա Սամուելլիի, Կիարիի քաղաքապետ Մասսիմո Վիցցարդիի, Կիարիի հոգևոր թեմի առաջնորդ Մոնսենյոր Դոն Ռոզարիո Վերձելետտիի, կազմակերպիչներ Դոն Ալբերտո Բոսկալիայի, Սոնա Արևշատյանի և Նելլի Ասատրյանի ներկայությամբ, տեղեկացնում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն։
Բացման արարողությանը ներկա էին տեղի և Բրեշիա քաղաքի բոլոր լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները, քաղաքապետարանի կողմից հրավիրված բարձրաստիճան հյուրեր և քաղաքական գործիչներ։ Երեկոն վարել է Կիարիում ավագ դպրոցների ուսուցիչ պրոֆեսոր Պաոլո Ֆեստան։
«Իմ գործունեության հիմնական նպատակն իրենց ներկայացնում է գտնել այսպես կոչված «ճիշտ» մարդկանց, ովքեր ջարդի տարիներին օգնել են հայերին, փրկել են, թաքցրել»,- իր խոսքի մեջ մեջբերել է Պիետրո Կուչուկյանը,- այդ բոլոր մարդկանց համար իտալական տարբեր քաղաքներում ստեղծել ենք այգիներ, տնկել ծառեր, որ իրենց գործն հավերժ մնա։ 1995թ.՝ 20 տարի առաջ անհրաժեշտություն էր առաջացել պատրաստելու այս ցուցահանդեսը, որ տեսնում եք Ձեր առջև. ցուցահանդեսի կազմակերպման և ամբողջ աշխատանքի համար իր մեծ ներդրումն ունեցավ կինս՝ Աննա Մարիա Սամուելիին և նա կարող է ավելի մանրամասն պատմել այս ցուցահանդեսի ամբողջ պատմությունը»։
«Կես տարի առաջ էր, երբ ես դեռ Հայաստանում էի, սկսել էինք պլանավորել այս միջոցառումները։ Հպարտ եմ, որ այսօր, այսքան հեռու Հայաստանից հնարավորություն եմ ստացել ներկայացնելու այս փոքրիկ իտալական համայնքին իմ երկիրն ու բարձրաձայնել Հայոց Մեծ Եղեռնը՝ շնորհիվ մի ցուցահանդեսի, որ 20 տարի է՝ ինչ պտտվում է Իտալիայի բոլոր քաղաքներով, շնորհիվ իմ իտալացի ընկերների, ինչպես օրինակ Ալբերտո Բոսկալիայի, Պաոլո Ֆեստայի և այլն, ինչպես նաև Հայր Թովմա Խաչատրյանի, որովհետեև առանց իրենց ներկայության մենք չէինք կարողանա իրականացնել այս ամենը։
Երեկոն ավարտվել է Հայր Թովմա վարդապետ Խաչատրեանի և կաթոլիկ եկեղեցու քահանա Դոն Ալբերտո Բոսկալիայի աղոթքի խոսքով, մեջբերվել են Ֆրանցիսկոս պապի՝ ապրիլ 12-ի խոսքն ու Գրիգոր Նարեկացու աղոթքներից մեկը։