Հայաստանը չի վախենում «Եվրատեսիլում» քվեն կիսել Ավստրալիայի ներկայացուցչի հետ. Sydney Morning Herald

«Եվրատեսիլ» երգի մրցույթի 60-րդ՝ հոբելյանական արարողության առիթով Ավստրալիայի ներկայացուցչին՝ Գայ Սեբաստիանին, տրվել է մեծ եզրափակչում ելույթի հնարավորություն, կամ ինչպես 1in.am-ի փոխանցմամբ՝ The Sydney Morning Herald-ն է անվանում՝ «վայրի քարտ»։
Սակայն Գայ Սեբաստիանը երգի մրցույթում միակ ավստրալացի մասնակիցը չէ։ Օպերային երգչուհի Մարի-Ժան Օ՝Դոհերթի Բասմաջյանն այս տարի նույնպես մասնակցում է՝ որպես Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի մասնակից։ Նա ծնվել է ԱՄՆ-ում։ Հայրն ավստրալացի է, մայրը՝ ծագում հունահայ։
«Շատ եմ սիրում մորս երկիրը»,- ասել է Մերին, ով չի անհանգստանում, որ երկու ավստրալացիները ենթարկված են քվեն կիսելու ռիսկին։ «Ամեն ոք պետք է հետևի իր սրտին»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը, ինչպես մյուս բոլոր մասնակից երկրները, չեն կարող քվեարկել իրենց օգտին։ Նա վստահ է, որ Հայաստանը կքվեարկի Ավստրալիայի համար։
Նրա խոսքով՝ ինքն ապշած է «Եվրատեսիլում» Սեբաստիանի Tonight Again երգի շուրջ առաջացած աղմուկից, և վստահություն է հայտնել, որ նա կլինի «թոփ 3-ում», եթե ոչ՝ հաղթող։
Հայաստանն այս տարի միավորել է տարբեր մայրցամաքների հայերի՝ խորհրդանշելու միասնություն։ Երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 19-ին և 21-ին, իսկ մեծ եզրափակիչը՝ 23-ին։