Ամերիկահայն ավարտել է իր 55-օրյա ծոմապահությունը

Գլենդեյլաբնակ Աղասի Վարդանյանն ավարտել է իր ծոմապահությունը։ Նա ապրիլի 4-ին 55-օրյա ծոմապահություն էր սկսել՝ հույս ունենալով ԱՄՆ-ի և Թուրքիայի կառավարությունների ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության թեմային։
Նա այդ ժամանակահատվածում եղել է Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից ապակե շինությունում։
Արցախպրեսը գրում է, որ vice.com-ի փոխանցմամբ՝ այս օրերի ընթացքում Վարդանյանը քիչ ուշադրության է արժանացել մամուլում, սակայն հայկական և կալիֆոռնիական պարբերականներում տեղ գտած անդրադարձերում երևում է ծոմապահության հետևանքը նրա մարմնի վրա։ Նախքան սկսելը 55-ամյա տղամարդը կշռում էր մոտ 100 կգ։ Սակայն 28 օր անց նա կորցրել է արդեն մոտ 18 կգ։
Վարդանյանը, ով ծոմի ընթացքում գտնվել է բժշկի և հոգեբանի մշտական հսկողության ներքո, դեռ լավատեսական է տրամադրված։
«Ես չեմ կարող մեկնաբանել՝ ինչ են անում Թուրքիան և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սակայն ես կարող եմ ասել իմ ջանքերի մասին, որոնք չեմ դադարի ներդնել»,- ասել է նա։