Չսպիացող սպին

Այս տարի ապրիլին  համայն հայությունը մեծ շուքով նշեց հայոց մեծագույն վշտի՝ Ցեղասպանության մեկդարյա տարելիցը։ 20-րդ դարասկզբի այյդ հրեշավոր չարագործության զոհը դարձավ մի ողջ ժողովուրդ, մի աշխարհ կորավ, մի հող, մի Հայաստան։ Դարերի խմոր հունցած հայ մարդը, որ ապառաժների կողերին էր թխել իր հացը, պահպանել սուրբ-նշխարք իր գիրը, կորցրեց արած-դրածը, տառապանքով ստեղծածն ու ցավով երկնածը

 Հայ ժողովուրդն իր սրտում կրում է հիշատակը այդ ահավոր ողբերգության. մեծ վիշտը ուղեկցելու է հային, քանի դեռ  իր արդար հատուցման մխիթարությունը չի գտել։ Այն հավիտյան բաց, մորմոքվող վերք է

 Ապրիլի 23-ին հայոց հավատքի մայրաքաղաքում՝ Սուրբ Էջմիածնում կատարվեց մեր ազգի եղեռնագործված զավակների սրբադասման արարողությունը, որը «նոր շունչ ու օրհնություն բերեց եկեղեցական և ազգային մեր կյանքին»։ Հայ մտքի ու սրտի, հոգու ու արյան միասնությունն էր դա, որին չէր կարող անմասն մնալ յուրաքանչյուր հայ։ ՈՒղիղ եթերում դիտելով Էջմիածնից հեռարձակվող ծիսակարգը՝  Օդեսայի հավատավոր հայությունը հոգով ու սրտով մասնակիցը դարձավ պատմական ու հոգևոր նշանակություն ունեցող այս իրադարձությանը՝ միանալով  մեր ժողովրդի ընդհանուր հիշողությանը, ցավին ու պահանջին։ Մոմերը ձևավորված էին  բյուրավոր զոհերի անմահ հոգիների հիշատակման խորհրդանիշ-գարունածաղիկների՝  անմոռուկների տեսքով։ Մեսրոպ Մաշտոցի  անվան կիրակնօրյա դպրոցի աշակերտները  վառվող մոմերով պատկերեցին մի մեծ անմոռուկ՝ ողողված նրանցից ճառագող լույսերի ծիրանագույն ցոլքերով։ Խորհրդանշական 19.15-ին Մայր տաճարի զանգերի հարյուր ղողանջներին արձագանքեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգերի աստվածային հնչյունները։ Ասես խաղաղության հզոր ոգին էր ղողանջում, և նրա ղողանջները հասան մինչև աստվածաշնչյան լեռան ձյունապսակ գագաթները, այստեղից էլ փոխանցվեցին համայն աշխարհին, ուր հայ ու հայություն կա

  Օդեսահայերի հոգևոր հովիվ Լևոն Գուլյանի խորհրդով ներկաները քար լռությամբ հարգեցին սուրբ նահատակների հիշատակը, և բոլորի շուրթերից հնչեց տերունական «Հայր մեր»-ը

Ապրիլի 24-ի առավոտյան եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ հայոց սրբացած  նահատակների։ Պատարագի ավարտից հետո Հայր Սուրբի առաջնորդությամբ՝ նվիրական զգացմունքներով և միաբանության ոգով տոգորված՝  Օդեսայի իմ  հայրենակիցները հավաքվեցին եղևնիների պուրակում տեղադրված խաչքար-հուշակոթողի մոտ` ոգեկոչելու ապրիլյան եղեռնագործված  սուրբ նահատակների հիշատակը, հավաքվեցին՝ որպես խոնարհումի արտահայտություն։ Արարողությանը մասնակցում  էին նաև այլ կրոնների ներկայացուցիչ հոգևոր այրեր, կաթոլիկ եկեղեցու հոգևորականներ, բարձրաստիճան հյուրեր՝ քաղաքի ղեկավարության ու հասարակական կազմակերպությունների, քաղաքում գործող հյուպատոսությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, գիտության ու մշակույթի գործիչներ, լրատվամիջոցների աշխատակիցներ, պարզապես՝ օդեսացիներ։ Նրանք  ծաղիկներ խոնարհեցին, ծաղկեպսակներ դրեցին հուշարձանի մոտ և խնկարկեցին, իսկ հոգևոր հայրերը աղոթեցին բյուրավոր անթաղ զոհերի լուսեղեն հոգիների հավիտենական հանգստության համար

Մենք պարտավոր ենք ՝  Հիշե՜լ, Խոնարհվե՜լ և երբե՛ք  Չմոռանա՜լԱյդ է հուշում հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի կարգախոսը.  «Հիշում եմ և Պահանջում»։ Այդ են պահանջում  անմեղ զոհերի լուսեղեն հոգիները։ Դա յուրաքանչյուր հայի հոգու պարտքն է, արյան կանչը։

Հայ Սուրբ նահատակների ապրիլյան սգո և հիշատակի օրը անօրինակ մեծ հանդիսավորությամբ շարունակվեց համայնքի կրթամշակութային կենտրոնում։

Հանդիսությանը նախորդել էին հավաքույթներ, հանդիպումներ կլոր սեղանի շուրջ, որոնք իրագործվել են համայնքի ղեկավարության՝ նախագահ Սամվել Տիգրանյանի, փոխնախագահ Արտեմ Կարաջյանի, մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանի  նախաձեռնությամբ՝ և մասնակցությամբ՝ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գեորգի Մուրադյանի, համայնքային կառույցների ղեկավարների, երիտասարդաց միության ներկայացուցիչների և ամեն մի հայի, ով այդ առիթով ասելիք ուներ։ Դրանց ընթացքում քննարկվել,, մշակվել էր Մեծ Եղեռնի զոհերի  100-րդ տարելիցին նվիրված  հիշատակի միջոցառումների ծրագիրը։

Դեռևս մարտ ամսին երիտասարդների «ԱՐՄԻՐ» միությունը (նախագահ՝ Արթուր Խաչատրյան) մշակույթի կենտրոնի տնօրենի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ ներկայացրեց «Պայքարի նոր դար» խորագրով միջոցառումը։ Այն բաղկացած էր երկու մասից՝ ցուցահանդեսից, որը կրում էր՝ «Պարզապես  գիտենք քարից ձուկ կերտել» խորագիրը, և համերգային ծրագրից։ Ցուցահանդեսը կայացավ«Վերնատուն» սրահում՝  հոգևոր երաժշտության ուղեկցությամբ։ Նրանում  ընդգրկված էին Ուկրաինայի տարբեր անկյուններում ապրող՝ արմատներով հայ ստեղծագործողների կտավներն ու քանդակները, որոնցում արտահայտված էին պատմության մեջ  չեղած ու չլսված ժողովրդասպանության սարսափները և արևատենչ հույսով առլեցուն մեր ժողովրդի անկոտրում կամքն ու լուսավոր հավատը գալիքի հանդեպ։ Նրանցում մեր հոգու կանչն էր, որին միշտ պետք է ունկնդիր լինի այսօրվա երիտասարդությունը։ Վստահ եմ՝ այդ երիտասարդների շարքերում աներկյուղ հավատով քայլում են մեր ապագա Զոհրապը, Վարուժանն ու Սիամանթոն, ապագա Կոմիտասը՝ հայ ժողովրդի հավիտենության առաքյալները։

Ցերեկույթը ևս բովանդակալից էր՝ համերգասրահի բեմից հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ։ Միջոցառման գաղափարին համահունչ էր պարային կոմպոզիցիան։ Անսահման հուզումնալից էր «Նռան հյութը» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Դերակատարները իրենք էին՝ երիտմիության անդամները։ Ֆիլմի գաղափարը ներկայացված էր սիմվոլների խորհրդի վերծանման միջոցով. կարմրահատ նռան հյութը խորհրդանշում էր մեր ժողովրդի 1,5մլն. մարտիրոսված զավակների արյունը, որով հեղեղվեցին Հայկի հաղթանակներով պսակված Հայոց ձորը, Արգիշտիի և Տիգրան Մեծի փառքով պսակված Հայոց աշխարհի մեծ մասը, Ավարայրն ու Ձիրավի դաշտը, Անին ու  Վանը, Կարսն ու Էրզրումըիսկ նուռը՝  հայոց վերընձյուղվող կյանքը։

  Հավելեմ, որ երիտասարդական կազմակերպության կողմից Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակական են

Շարունակվում էր մարդկանց երթը դեպի մշակույթի կենտրոն. նրանք գնում էին մասնակցելու ապրիլքսանչորսյան « սգահանդեսին»։ Նախասրահում տեղադրված էր Ծիծեռնակաբերդի մակետը ՝ մի փոքրիկ Ծիծեռնակաբերդ, որը հայի մեծ սրտով պատրաստել էին  հմուտ ծնողներ, հայրենասեր հայեր տեր և տիկին Վարագյանները։ (Նյութին հարակից զետեղված տեսաֆիլմը ևս իրենց բարի կամոք նկարահանել են  պարտաճանաչ ամուսինները, և սիրով ներկայացվում է «Հայերն այսօր»-ի ընթերցասերների ուշադրությանը)։ Այդ օրը մշակույթի տունն իր էությամբ վերածվել էր Ծիծեռնակաբերդի, որի բարձր կամարների ներքո ասես հնչում էր «ողբացող ձայնը Կոմիտասի»,  իսկ հանդիսասրահը՝ զանգակատան, որի լուսավոր կամարների ներքո մեղմաբար թևածում էր կոմիտասյան երգը։ Ամենուր անմոռուկներ էին, մարդիկ իրենց կրծքերին կրում էին տարելիցի խորհրդանիշը, էկրանին օրվա խորհուրդն էր

ՀՀ գլխավոր հյուպատոս ԳեորգիՄուրադյանի և  կիրակնօրյա դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանի համատեղ ջանքերով կյանքի էր կոչվել «Հիշում եմ և պահանջում» և «Հիշողություն՝ ընդդեմ մոռացության» խորագրերը կրող ցուցահանդեսը, որը ներառում էր երկու  բաժին՝  ժողովրդասպանություն և մշակութային ցեղասպանությունը։

Նրանցում ընդգրկված էին երկար որոնումների արդյունքում ձեռք բերված փաստաթղթեր ու լուսանկարներ, վավերագրական նյութեր, նշանավոր մարդկանց կարծիքներ, ավետյաց երկրից մազապուրծ փախածների շառավիղների  բառ ու բանի պատառիկներ, հուշերի սուրբ մասունքներՆերկայացված էին՝  առևանգված՝ աշխարհ զարմացնող վանքերն ու եկեղեցիները, հայոց հնադարյան հուշարձանները, հայ շինարարի հանճարով կերտված՝ հայրենաշունչ  ոգեղեն սրբավայրերը, աշխարհի նախանձը շարժող քաղաքներն ու գյուղերը, հայոց հնագույն մայրաքաղաքները Առևանգել են «հունդ ու հորովել, ծիլը քրտինքիդ, բողբոջը հույսիդ, նշխարքը լույսիդ»

Տպավորիչ էր ներկայացված նյութերի ոչ միայն բազմաքանակությունն ու բազմազանությունը, այլև՝ բովանդակության խորությունը։ Առանձնահատուկ ուշադրություն էին գրավում «Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռներ» գրական-ազգագրական ստուդիայի սաների համառ պրպտումների արդյունքում, կարելի է ասել՝ հայթայթված նյութերը(Անահիտ Եղիազարյանի ղեկավարությամբ)։ Նրանց հաջողվել էր  քաղաքային գրադարաններից ձեռք բերել ցեղասպանությանը նվիրված գրականություն, որը լույս էր տեսել Օդեսայում՝ 1915 թվականից հետո։ Ընդգրկել էին նաև մշակույթի կենտրոնի գրադարանից ստացած գրականությունը։

Ցուցահանդեսում ներառված էին ձեռքի աշխատանքներ։  Բնական հումքից էր պատրաստված Հայկական լեռնաշխարհի քարտեզը, որտեղ նշված էր՝  ինչպես ծովից-ծով պատմական Հայաստանից քարտեզի վրա մի դրոշակի չափ տարածք է մնացել հային։ Այդ պատճառով էլ քարտեզը կրում էր «Կորուսյալ երկիր, կորսված տարազներ» անվանումը։ Մեկ ուրիշ կտավում բնական նյութերի գործածության շնորհիվ  կենդանություն էր ստացել խելագարված Կոմիտասը։Այս հետաքրքիր աշխատանքների հեղինակը շնորհալի դուստրերի բազմաշնորհ մայրիկ Լուսինե Սաֆարյանն էր, որը մեծ ավանդ ուներ նաև դահլիճի  ձևավորման գործում։

Ցուցահանդեսը պատշաճ կերպով  լուսաբանեց ցեղասպանությունը և ուներ լավատեսական ավարտ, քանի որ թշնամուց վրեժ լուծելու լավագույն ձևը կյանքին փարվելն է, հավատքով ապրելն է  ու հայ մնալը, հայությամբ հպարտ ապրելը․

                     Դու պիտի վրեժ առնես ապրելո՛վ,

                     Ապրելով համա՛ռ, հազարապատի՛կ․
                     Ավերումի դեմ՝ քո ստեղծելով,

                     Ավեր Վանի դեմ՝ քո Երևանով,
               Աքսորների դեմ՝ խուլ անապատից,

                     Նորից տուն դարձող քո քարավանո՛վ,

                     Դու պիտի ապրես այսպե՛ս, սրանո՛վ։
Ողջունելով ներկաներին՝ բացման խոսքով հանդես եկավ համալնքի նախագահ պարոն Տիգրանյանը, ապա ելույթներ ունեցան պարոն Մուրադյանը, հյուրերը, իրենց սրտի խոսքն ասացին ցանկացողները։ Դատապարտելով Թուրքիայի մերժողական քաղաքականությւնը՝ ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց,որ աշխարհասփյուռ հայությունը կրկին իր բողոքի ու արդարության վերականգման պահանջի ձայնն է բարձրացնում համայն մարդկության առջև՝ հիշեցնելու, որ հանցագործությունների կրկնությունից խուսափելու միակ ճանապարհը հանցագործության ճանաչումն ու դատապարտումն է, իսկ այդ պարզ ճշմարտությունը չընդունելը կրկնակի  չարագործություն է .

 -Աստված լինի մեզ զորավիգ արդարության այս պատերազմը հաղթանակով պսակելու։

 Ելույթ ունեցողները դատապարտեցին բարբարոսի կողմից իրագործած  դժոխային սպանդը՝ կիսալուսնի դրոշի ներքո, և կոչ արեցին միշտ վառ պահել Մեծ Եղեռնի անմեղ ու անթաղ զոհերի հիշատակը ու երբեք չհուսալքվել, քանզի վաղ թե ուշ վահագնյան արեգակնափայլ շանթերը  Արարատի կատարից կցրեն չարիքի խավարը և պատմական ճշմարտությունը կվերահաստատվի, քանզի մենք պահանջում ենք լոկ «Աստծուց մեզ բաժին տրվածը»։

Այնուհետև գեղարվեստական կատարումներով հանդես եկան կիրակնօրյա դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանի ղեկավարած գրական- ազգագրական ստուդիայի սաները։Ընտրվել էին ստեղծագործություններ, որոնց միջոցով հնարավոր եղավ առավելագույնս արտահայտել հայ ազգի մեծ ցավն ու վիշտը՝ «լեռները դարձան սգացող այրեր, գետերը՝ ողբացող մայրեր»Հայերեն և ռուսերեն լեզուներով նրանք հուզմունքով ասմունքեցին  հատվածներ «Անլռելի զանգակատուն» պոեմից , «Հայոց դանթեական»-ից և հայ դասականների այլ քերթվածքներ… Թուրք ջարդարարի գազանային անգթությունները և  մեր ժողովրդի կրած աստվածային չարչարանքները ներկայացվեցին նաև Աննա Հովհաննիսյանի պարային կոմպոզիցիայով․ գեղանի հայուհու հեզաճկուն պարն ուղեկցում էր «Եղեռնական ղողանջ»-ին՝  ասմունքում էր Սիրանուշ Մինասյանը․

            ․․․Ուզեցին մեկ հայ թողնել,

                Եվ այն էլ․․․թանգարանում․․․

                  -Գարուն ա, ձուն ա արել․․․

   Հնչեց Էդվարդ Մարգարյանի թավ ձայնը․

              -Համայն աշխարհում այդ քանի՞  երկիր Արարատ ունի․․․

                 – Այդ քանի՞ երկիր Արարատ ունի, իսկ Արարա՜տը․․․

 Արարա՜տը՝ բիբլիական հինավուրց ժողովրդի հավերժության վկան, Երևանի դեմ ամեն օր հառնող՝ հավերժ մոտ ու հեռու Արարատը․․․

Մեր գերված հսկայից մեզ բաժանում են միայն փշալարերը, որոնցից կաթում է մեկ ու կես միլիոն զոհերի արյունը․«Դե․ ե՛կ, Վարդապե՛տ, ու մի խենթանա»․․․

   Դե, ե՛կ,  ունկնդի՛ր, ականջ դիր «Զանգակատան» ղողանջներին ու մի խենթացիր․․․

 Արտասուքի կաթիլներ գլորվեցին հանդիսատեսների այտերն ի վար, երբ դահլիճում ալիքվեցին  կորուսյալ էրգրի կարոտի երգի՝ «Դլե յաման»-ի ելևէջները։

 Հնչեցին հայրենաշունչ երգեր

Համերգային մասը եզրափակվեց Հայաստան» երգով՝ աղջիկների եռյակի կատարմամբ։ Վերածնված Հայաստանի կերպարը մարմնավորում էր Սիրանուշը, իսկ Տաթևիկ և Արևիկ Արմենակյան քույրերն իրենց նուրբ, ձյունաթույր զգեստների մեջ հիշեցնում էին խաղաղ երկնքի տակ ճախրող աղավնիների՝ ձիթենու ճյուղը կտուցին, կյանքի ավետիս բերող՝ խաղաղության, անաղարտության, սիրո ու հույսի, մաքուր հոգու խորհրդանիշ աղավնիների։

            Թո՛ղ հավե՜րժ  լինի նրանց  ճախրանքը։

 Միջոցառումն ավարտվեց խորհրդանշական հարիսայի հյուրասիրությամբ՝։

Այն մեկ անգամ ևս փաստեց՝  թեպետ հայ ժողովրդին ստիպեցին իր հազարամյա բնօրրանները թողնել անտեր ու ավեր՝ Արաբկիր, Վան, Մուշ, Զեյթուն, այդ կորստյան հետ չհաշտվեց նա, իր հանճարի բռնկումով կերտեց իր նոր տունը և  նույն անուններով կոչեց իր նոր բնակավայրերը՝ Զեյթուն, Կիլիկիա,Սեբաստիա, Արաբկիր Թուրք ելուզակի կեռ յաթաղանի փայլատակումի տեղակ շողացրեց խաչատրյանական սուսերի փայլը, եղեռնի մղձավանջային տեսիլքի տեղակ՝ շողաց սարյանական վառ գույներով, ոխի, կորանի մոլուցքի տեղակ՝ ապրեց քրիստոնեաբար,  սիրող սրտով, մորթազերծ արված որբուկների տեղակ՝  սեղան նստեց նոր կյանք կերտող նոր սերունդներով

 Հավերժի ճամփորդ ի՛մ ժողովուրդ,  քո պատմության էջերն արյունոտ են եղել, դու օրհասից ու արհավիքներից հաղթանակով ես դուրս եկել, պահել, պահպանել քո հայկական ոգին,  քո  hիասքանչ, արքայական լեզուն, քո մարդկային անմար հանճարը, քո անհատնում բարությունը և արիացած արցախյան հաղթանակի ազատատենչ ոգով՝  դեպի դարերն ես գնում։ Իմ հայրենի՛ հող, դու՛, որպես հավերժության փարոս, որպես Մեծ  Մայր՝ քո ջերմ գիրկն ես կանչում չար ճակատագրի բերումով աշխարհով մեկ սփռված քո որդիներին, տարագիր զավակներին.

                      «Արի՛ տուն, մայր Հայաստանն է սպասում»…

 Նարինե  Մուրադյան

«Վերնատուն»  համայնքաթերթի  թղթակիցք. Օդեսա

Օդեսա Օդեսա1 Օդեսա2Օդեսա3 օդեսա4 օդեսա5 օդեսա6 օդեսա7 օդեսա8

Scroll Up