Սուրբ Ղազար կղզում բացվել է Վենետիկի բիենալեի հայաստանյան տաղավարը

Սուրբ Ղազար կղզում մայիսի 6-ին բացվել է Վենետիկի բիենալեում Հայաստանի Հանրապետության տաղավարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Art for The World ընկերությունից, որը պատասխանատու է հայկական տաղավարի ստեղծման աշխատանքների համար, մայիսի 6-ից հոկտեմբերի 18-ն անցկացվող  բիենալեին ներկայացված են 15 հայազգի արվեստագետներ սփյուռքից:

Հայ ժողովրդի համար խորհրդանշական հանդիսացող 2015 թ.-ին, ՀՀ մշակույթի նախարարության առաջարկով, Վենետիկի 56-րդ բիենալեին գերակշիռ կլինի սփյուռքահայ արվեստագետների մասնակցությունը:

Այս տարի Մխիթարյան միաբանությանը պատկանող Սուրբ Ղազար կղզու տարածքում տեղաբաշխված հայկական տաղավարի կուրատորն է Ադելինա Չուբերյան ֆոն Ֆյուսթենբերգը:

Ցուցադրության կատալոգում նաև տեղ են գտել Հայոց ցեղասպանությունից և Ռուսական հեղափոխությունից հետո ծնված 12  հայազգի բանաստեղծների ստեղծագործություններ՝ շվեյցարահայ բանաստեղծ Վահե Գոդելի ֆրանսերեն թարգմանությամբ:

«Հայություն» (Armenity) ցուցադրությունը կանդրադառնա  տեղահանման և տարածքի, արդարության և հաշտեցման, էթիկական նորմերի և ճկունություն թեմաներին: Անկախ իրենց ծննդյան վայրերից, ցուցադրությանը մասնակցող արվեստագետների աշխատանքներում ամփոփված են վերջիններիս ծագումնաբանության հիշողությունը, որտեղ Հայոց ցեղասպանության վերապրածների թոռները վերակառուցում են «փշրված ինքնությունը»:

Հայկական տաղավարը Լիբանանի սփյուռքը կներկայացնի Հայկ Այվազյանը՝  ԱՄՆ-ինը և Սիրիայինը՝ Նիկոլ Բեզջյանը, Կանադայինը և Եգիպոսինը՝՝ Աննա Բողիգույանը, Թուրքիայինը՝ Հերա Բյույուկթաշյանը, Արգենտինայինը և Գերմանիային՝ Սիլվինա Դեր-Մեգուերդիչյանը, Իրանինը, Պաղեստինինը և ԱՄՆ-ինը՝ Ռենե Գաբրին և Այրին Անաստասը, Բելգիայինը՝՝ Մեխիթար Գարաբեդյանը, Հունաստանինը՝՝ Այկաթերինի Գեսիսյանը, Իտալիայինը՝ Երվանդ Գիանիկյանը և Անժելա Ռիչչի Լուչին, ԱՄՆ՝ Արամ Ջիվիլյանը, ԱՄՆ և Ֆինլանդիա՝ Նինա Խաչադուրյանը, Ֆրանսիայինը՝՝ Մելիք Օհանյանը, Հայաստանն ու Իտալիայի սփյուռքը՝՝ Միքայել Օհանջանյանը, Բրազիլիայինը՝ Ռոզանա Փալազյանը, Թուրքիայինը և Ֆրանսիայինը՝ Սարկիսը, Սիրիայի և Մեծ Բրիտանիայի սփյուռքը՝ Հրայր Սարկիսյանը:

Scroll Up