Ինչպես հայերը լքեցին իրենց տները. «Զաման»-ի հոդվածագրի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը
Թուրքական «Զաման» օրաթերթում հրապարակված իր հոդվածում Հերկուլ Միլլասն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը և դրա համար ներողություն խնդրելուն։
Tert.am-ը հոդվածը ներկայացնում է մասնակի կրճատումներով.
«Վերջին օրերին, բոլորի նման, ես էլ կարդացի ու լսեցի բաներ, որոնք չէի ցանկանա լսել։ Դեպքերի պատմական ու իրավական կողմերի վրա «լույս սփռողները» դարձյալ փաստաթղթեր ու ապացույցներ ներկայացրին։ Թեզերն ու պատասխան թեզեր պաշտպանվեցին։ Այժմ, մի որոշ ժամանակ այդ հարցը մոռանալու ենք, մեկ էլ հաջորդ տարի կհիշենք։
Ցեղասպանության հանդեպ իմ վերաբերմունքն այլ է։ Ոչ թե մահը, այլ առաջին քայլն եմ միշտ պատկերացնում։ Տները լքելու այդ առաջին պահը։ Մի օր ինչ-որ մեկը բախում է ձեր դուռն ու ասում. «Պատրաստվե՛ք, վաղը ճանապարհվելու եք»։ Շտապելով՝ հավաքում եք իրերը։ Ի՞նչ կվերցնեք։ Մի քանի կտոր հագո՞ւստ, եթե գումար ու զարդեր ունեք՝ դրա՞նք, թե՞ ձեր տատիկի ասեղնագործությունը, որ ցանկացել եք, որ միշտ ձեզ հետ լինի։ Իսկ ընտանեկան լուսանկա՞ր, իսկ մանկության տարիներին ձեր խաղացած տիկնիկներն ի՞նչ կանեք։ Ուտելիք վերցնելը պարտադիր է, սակայն մարդ քանի՞ օրվա սնունդ կկարողանա տանել։
Երեխաների հարցն ավելի դժվար է։ Ասենք՝ 6 տարեկան երեխան կկարողանա քայլել։ Իսկ 3 և 1 տարեկաննե՞րը։ Հայրերը զինվոր են այդ պահին։ Դուք միայնակ կին եք, խուճապի մեջ չպետք է ընկնեք, քանի որ հանուն երեխաների պետք է կառչեք կյանքից։ Այլ իրեր վերցնելը վտանգավոր կլինի, ճանապարհին կթալանեն։ Գիշերը կմտածեք դրանք այգում թաղել։
Մի պապիկ էլ կա, 80 տարեկան է։ Ինքն իրեն կարողանում է նայել, ամեն օր կարողանում է մինչև գյուղի սրճարանը հասնել։ Սակայն մեկ-երկու ժամից ավելի քայլել չի կարող։ Այդ ճանապարհից հոգնողներն ի՞նչ եղան։
Գիտենք, թե ինչ է լինում գերի ընկնողների հետ։ Երբ քարավանը հեռանում է, ընկնողներին սվինահար են անում։ Սուր են օգտագործում, որ փամփուշտի կորուստ չլինի։ Սպանելը պարտադիր է, քանի որ եթե մահվան վախը չլինի, ողջ քարավանը գետնին է ընկնելու։
Այդ կինը վաղ առավոտյան վերջին անգամ ախոռ է մտնում, նայում է կովի առջև եղած խոտին, ջուր տալիս ու կապը քանդում։ Մտածում է՝ դռնից դուրս կգա ու ուտելու ինչ-որ բան կգտնի։ Սակայն ինչո՞ւ է առաջին անգամ մտքով անցնում համբուրել կովին, ինքն էլ չի հասկանում։ Այծին է խղճում։ Եթե կարողանար հետը վերցնել, կաթ էլ կունենային։ Ամենադժվարը շան հարցն է։ Կապած թողել չի կարող, եթե քանդի՝ իրենց հետևից կգա։ Իրոք, իսկ ի՞նչ պատահեց շներին։
Բոլոր սենյակները ստուգում է վերջին անգամ։ Ամեն ինչ, ինչպես միշտ, տեղում է։ Երեխաների անկողինները հավաքած, սպասքը՝ չորացրած, լվացքը՝ պահարանում դասավորած։ Սակայն հատակը չի մաքրել այսօր։ Ինչ էլ լինի՝ վաղը նորից է փոշոտվելու։ Բանալին դռան մոտի ծաղկի թաղարի մոտ է պահում։ Մտածելով՝ ամուսինը կիմանա տեղը։ Մեկ էլ գրություն է թողնում, որ երբ ամուսինը գա, չզարմանա։ Աղջկա տետրից պոկած թղթի վրա գրում է. «Մեզ ինչ-որ տեղ են տանում. առաջին իսկ հնարավորության դեպքում կգրեմ քեզ, մենք լավ ենք, մի մտահոգվիր»։ Պապիկին դժվարությամբ համոզում է, գալ չէր ուզում։ Երկու երեխաներին գրկում է, մեծին էլ խրատում, որ չհեռանա մոտից։ Դեպի գյուղի կենտրոն են շարժվում։
Այս պատմության շարունակությունը ոչ ուզում եմ լսել, ոչ էլ գրել։ Այսքանն անգամ չափազանց շատ է թվում։ Մի առավոտ վերջին անգամ իրենց տներից հեռացած այդ մարդկանց, հարյուր հազարավոր մարդկանց մասին մտածելն անգամ ինձ ցավ է պատճառում։
Իրենց տներից, թաղամասերից, բարեկամներից, ընտանեկան գերեզմաններից բռնությամբ պոկված այդ մարդկանց մասին մտածելն իմ ներսը սևացնում է։ Սակայն ներողություն խնդրելն էլ չեմ հասկանում։ Կատարողներն ու ենթարկվածները վաղուց մահացել են։ Նրանց երեխաներն ու թոռները մեղավոր չեն համարվի։ Անմեղի ներողությունն էլ անիմաստ է։
Մարդկանց վերաբերյալ այնքան բան կա, որ չեմ հասկանում։ Ներողության նման քայլը չհասկանալու պատճառներից մեկն էլ դա է։
Եթե «ընդունելը» ճնշման տակ է տեղի ունենում, այսօր ներողություն, իսկ վաղը դարձյալ ժխտում է լինում, դա ցավեցնող է։ Ավելի լավ է՝ ամենևին չլինի»։