Թուրքիայի Կրոնական գործերի վարչության հանձնարարությամբ «Ղուրանը» թարգմանվել է հայերեն

Թուրքիայում Կրոնական գործերի վարչության հանձնարարությամբ «Ղուրանը» հայերեն է թարգմանվել: Այս մասին նախօրեին հայտարարել է Կրոնական գործերի  վարչության նախագահ Մեհմեթ Գյորմեզը:

Թուրքական «memeurlar.net» լրատվակայքի փոխանցմամբ, գրում է ermenihaber.am-ը, թարգմանությունը կատարել է Անկարայի համալսարանի Լեզվի, պատմության և աշխարհագրության ֆակուլտետի «Հայոց լեզվի և մշակույթի» մասնագետ, ասպիրանտ Յավուզ Այդընը:

Թարգմանությունը խմբագրել է Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Ղուրանի» այս տարբերակի նախապատրաստումը տևել է երեք տարի: Այն բաղկացած է 10 հատորից (2.500 էջ):

Թարգմանությունը գրաքննվել է «Էրջիյես» համալսարանի Գրականության ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր Ղաֆուր Մեհդիևի ու  Էստուկյանի գլխավորած հանձնաժողովը:

Ընդհանուր առմամբ տպագրվել է «Ղուրանի» թարգմանության 4.000 օրինակ՝ արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով:

Թարգմանության մասին իր կարծիքը հայտնելիս` Էստուկյանը մասնավորապես նշել է. «Ըստ իս՝ սա շատ էական, կարևոր և յուրահատուկ նախաձեռնություն է: Կարևոր է թե «Աստվածաշնչի» և թե «Ղուրանի» թարգմանությունը տարբեր լեզուներով»:

Scroll Up