Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություն Աբխազիայում (լուսանկարներ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/IMG_3083.jpg)
Աբխազիայի Գագրա քաղաքի հայոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու բակն այդ օրը լեփլեցուն էր մարդկանցով: Հավաքվել էին ոչ միայն գագրայեցիները, այլև Աբխազիայի այլ քաղաքներից և գյուղերից՝ միասին նշելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի … սգո օրը: Մի քանի օր առաջ դեռ այստեղ աշխատանքային եռուզեռ էր տիրում: Շրջանային ժողովի և խորհրդի անդամ Գալուստ Տրապիզոնյանը անձամբ ղեկավարում և հետևում էր նախապատրաստական վերջին աշխատանքներին, իսկ Աբխազիայի հայկական համայնքի նախագահ Խաչիկ Մինասյանը ի մի էր բերում կազմակերպչական վերջին գործերը: Անճանաչելիորեն վերափոխվել էին եկեղեցու բակը, շրջակայքը. ամենուր պաստառներ՝ Եղեռնի թեմայով, Եղեռնը խորհրդանշող անմոռուկի պատկերով, «Հիշում ենք ու պահանջում» կարգախոսով: Ծածանվում էին նաև Համշենի դրոշակները: Հնարավոր չէր մտնել նաև եկեղեցու ներսը՝ այնտեղ քահանա տեր Սեդրակ Ազնավուրյանը պատարագ Էր մատուցում: Վառվող մոմերի ծուխը, խունկի անուշաբույր հոտը և տեր Սեդրակի հետ շարականներ երգող երեխաների /Գարայի թիվ 3 դպրոցի աշակերտներ/ ձայնը ստեղծել էին մի խորհրդավոր մթնոլորտ, մթնոլորտ որն իր մեջ խորը իմաստ է պարփակում:
Իսկ դրսում անընդհատ ստվարանում էր ժողովուրդը: Եկան նաև հյուրեր, որոնց թվում էին քաղաքապետարանի և ժողկրթբաժնի ներկայացուցիչները, Շրջանային ժողովի նախագահը: Պատարագի ավարտից հետո ելույթ ունեցան Աբխազիայի խորհրդարանի անդամներ Վ. Քոսյանը, Լ. Գալստյանը, Ագարակ գյուղի դպրոցի տնօրեն Շ. Քեսյանը և Գագրա քաղաքի շրջանային ժողովի նախագահ Ալլումբան, որոնք իրենց ելույթներում ներկայացրին հայ ժողովրդի ճակատագրի ամենաողբերգական ժամանակահատված, դատապարտեցին 1915թ. մեր ժողովրդի հանդեպ Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանությունը և ներկայիս Թուրքիայի մերժողական քաղաքականությունը: Այնուհետև սկսվեց դպրոցականների ելույթը: Այնքան հուզիչ, այնքան հոգեցունց էին արտասանում երեխաները, որ շատերը չկարողացան թաքցնել իրենց արցունքները: Եվ արտասանությամբ, և երգերով, և բեմականացված պարերով աշակերտներին հաջողվեց արտահայտել մեր ժողովրդին համակած ցավն ու տառապանքը, ապրելու և հարատևելու մեծ կամքն ու ջանքը, արդարության պահանջի ազնիվ կանչը:
Վերջում ելույթով հանդես եկավ համայնքի նախագահ Խ. Մինասյանը: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին և կոչ արեց օտար հողում երկրորդ հայրենիք գտած հայերին՝ ապրել արժանապատվությամբ, չմոռանալ մեր ժողովրդի անցյալի հիշատակները և լինել միասնական: Իսկ մինչ այս՝ ապրիլի 22-ին Աբխազիայի Փշապ հայկական գյուղում բացվեց խաչքար նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այդ արարողությունը ևս անցավ մեծ հանդիսավորությամբ: Ներկա էին գյուղի բնակիչները, բազմաթիվ հյուրեր, համայնքի ղեկավարները և այլք:
Ա. Կապիկյան
Գագրայի թիվ 3 հայկական դպրոցի տնօրեն
24.04.2015թ.