ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ այցելեցին Ախալցխա
Մայիսի 2-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ պատգամավորներ այցելեցին Ախալցխա: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Akhaltskha.net կայքը:
Ախալցխայում պատգամավորները ՋԱՀ-ի հոգեբարձուների խորհուրդի նախագահ՝ Սոս Սահակյանի և ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի ուղեկցությամբ այցելեցին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպեցին ծխական խորհրդի անդամներին:
Հյուրերը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամներից իրազեկվեցին եկեղեցուն և շրջանի հայությանը հուզող բազմաթիվ խնդիրների: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց հետո պատգամավորներն այցելեցին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի բազմաբովանդակ գործունեությանը:
ՋԱՀ-ի հոգեբարձումների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը և գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը կենտրոնի նկուղային հարկի վերանորոգման համար տրամադրեցին նյութական օժանդակություն (ամիսներ առաջ ՋԱՀ-ը կրկին գումար էր տրամադրել նկուղային հարկի վերանորոգման համար): Սոս Սահակյանի խոսքերով իրենք մտադիր են ապագայում ևս հնարավորության սահմաններում օգնել երիտասարդական կենտրոնին նկուղային հարկի վերանորոգումը ավարտին հասցնելու համար:
Պատգամավորները այցելեցին նաև Ախալցխայի թիվ 3 հայկական դպրոց, որտեղ հետաքրքրվեցին դպրոցին հուզող մի շարք խնդիրներով և ծանոթացան դպրոցի առջև ծառացած մարտահրավերներին:
Դպրոցից հետո հյուրերը այցելեցին Ախալցխայի Սբ. Նշան հայկական եկեղեցի, որը մինչ օրս Վրաց ուղղափառ եկեղեցին համարում է «վիճելի»: