ԱՄՆ Ֆրանկլին Լեյքս ավանը Ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Lakes-300x225.jpg)
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆրանկլին Լեյքս ավանի խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ բանաձեւ է ընդունել։ Այս մասին ըստ NEWS.am-ի` տեղեկացնում է NorthJersey.com-ը։
Հայոց ցեղասպանության տարելիցը նշելու գաղափարը քաղաքային խորհրդի նիստում առաջ էր քաշել Ժոզեֆ Բասրյալյանը։ Նա նշել է, որ ավանում բնակվում է 50 հայ ընտանիք, որոնք բոլորը ընդունում են այդ տարելիցի կարեւորությունը։ «Աշխարհում չկա մի հայ, որը այս կամ այն կերպ տուժած չլինի Օսմանյան կայսրության տարածքում իրականացված սարսափելի չարագործությունից»,- նշել է նա։
Բանաձեւում ասվում է, որ այդ Ցեղասպանությունն հայտնի է իբրեւ 20-րդ դարում ողջ ազգի բնաջնջման առաջին փորձ, որը հանգեցրել է Փոքր Ասիայի իրենց հողերի վրա 1.5 մլն հայերի մահվան եւ օսմանյան ու թուրքական իշխանությունների կողմից իրականացվող բռնագաղթի։
«Ամերիկայի ազատությունը հաշվի առնելով՝ հայերը հաստատվեցին այստեղ եւ ընտանիքներ կազմեցին, դաստիարակեցին երեխաներ, թոռներ, ծոռներ տարբեր համայնքներում, այդ թվում՝ Ֆրանկլին Լեյքաում։ Վերապրածներն ու նրանց սերունդները, գնահատելով մեր հզոր ազգի տրամադրած հնարավորությունները, զարգանում են տարբեր մասնագիտություններում եւ ղեկավար պաշտոններում»,- ասված է բանաձեւի մեջ։