Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության հարցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական պալատում գումարվել է ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որը տևել է 7 ժամ:

Նախագահականի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն` նախօրեին կայացած նիստի օրակարգում եղել է գյուլենական ուժերի հարցը, գրում է ermenihaber.am-ը: «Զուգահեռ պետություն» անվանվող գյուլենական համայնքը դիտվել է Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք և ներառվել «կարմիր գրքի» վտանգների ցանկում: ԱԱԽ-ն այդ հարցի վերաբերյալ կազմել է կառավարության համար նախատեսված առաջարկությունների փաթեթ:

Նիստի ավարտին ընդունվել է հայտարարություն, որի մեջ անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին` ձևակերպված որպես 1915-ի իրադարձություններ: Աղբյուրի համաձայն` հայտարարության տեքստում նշված է, որ 1915-ի դեպքերը ցեղասպանություն որակող երկրների խորհրդարանների կայացրած որոշումները հեռու են պատմական իրողություններից և հետապնդում են քաղաքական շահեր: Հետևաբար նման որոշումներն Անկարայի համար իրավականորեն առ ոչինչ են:

Scroll Up