Հայոց ցեղասպանության ոգեկոչումը Իսպանիայի Ալիկանտե քաղաքում
Ապրիլի 24-ին Իսպանիայի թագավորության մի շարք քաղաքներում, այդ թվում նաև Ալիկանտեում տեղի ունեցան ոգեկոչման արարողություններ` նվիրված 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, այսօր արդեն սրբացած 1,5 միլիոն նահատակների անմահ հիշատակին: Այս մասին Իսպանիայից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Հասմիկ Քոչարյանը:
«Հիշում եմ և պահանջում» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպվել էր Ալիկանտեի Լա Պալմերա զբոսայգում 2008թ. բարերար Թևոս Սաֆարյանի միջոցներով տեղադրված խաչքար-հուշակոթողի մոտ` Ալիկանտեի հայերի «Հայաստան» միության նախագահ Հասմիկ Քոչարյանի գլխավորությամբ: Հուշակոթողին հարող տարածքը ձևավորված էր պատմական փաստերը ներկայացնող նյութերով` պաստառներ, մշակութային հուշակոթողների լուսանկարներ:
Հնչեցին Կոմիտասի «Հով արեք սարեր ջան» , «Լե լե յաման», «Չինար էս», «Անտունի», «Գարունա» երգերը, Սուսաննա Վարդանյանի (սոպրանո), Անահիտ Ավայանի (ալտ), Անտուան Հարությունյանի (թավջութակ), Վասիլ Սոլեդովնիկի (դաշնամուր) կատարումները:
Խաչքար-հուշակոթողի մոտ էին հավաքվել հայեր Ալիկանտե, Էլդա, Էլչե, Օրիուելա, Բենիդորմ, Մուրսիա, Սան Խուան, Սան Վինսենտե և այլ քաղաքներից: Հայերի հետ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում բազմաթիվ իսպանացիներ, Ալիկանտեի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ Սոնիա Ալեգրիան, Պաբլո Սանդովալը, ինչպես նաև նախկին քաղաքապետ Լուիս Ալպերի Դիասը, ում պաշտոնավարման օրոք տեղադրվեց խաչքար-հուշակոթողը, որը օրեր առաջ վանդալիզմի ենթարկվեց:
Փորձեցին հերթական անգամ վիրավորել և ահաբեկել մեզ` հուսալով, որ կկարողանան կանխել ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությունը: Այս միջոցառումը հաաստատումն էր այն բանի, որ աշխարհում չկա որևէ ուժ, որը կարողանա հային վախեցնել և հետ պահել իր արդար պահանջից: Այն է` հիշողություն, արդարություն, փոխհատուցում: