Ավստրալահայ գործիչ Ստեփան Գրգեաշարյանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/av2.jpg)
Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի փոխնախագահ, Խտրականության դեմ խորհրդի նախագահ, «Գրգեաշարյան և Կայիկյան» հիմնադրամի հիմնադիր Ստեփան Գրգեաշարյանին ու նրա տիկնոջը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հ. Հակոբյանը գոհունակություն հայտնեց Ս. Գրգեաշարյանի ազգանպաստ գործունեության համար, որը նա ակտիվորեն ծավալել է՝ իր զբաղեցրած պաշտոններին զուգընթաց:
Երախտագիտություն հայտնելով գնահատանքի համար, Ս. Գրգեաշարյանն անդրադարձավ այն հուզիչ տպավորություններին, որ ունեցան Հայրենիքում գտնվելու օրերին: Նա հավաստիացրեց, որ այդ ամենից ներշնչված՝ ավելի մեծ եռանդով պիտի նվիրվի հայրենասիրական աշխատանքներին: Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին՝ նա նշեց, որ նպատակ ունի ստեղծել Ավստրալիա-Հայաստան բարեկամական հիմնարկություն, որի շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում և տնտեսական ոլորտում: Առաջիկա ծրագրերի թվում է նաև Սիդնեյի և Երևանի համալսարանների միջև կապերի զարգացումը և, մասնավորապես, ցեղասպանությունների պատմությամբ և ուսումնասիրությամբ զբաղվող ուսանողներին աջակցելը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հավանություն տվեց Ս. Գրգեաշարյանի մտահղացումներին և հույս հայտնեց, որ դրանց իրականացումը գործնականորեն կնպաստեն Հայաստանի և Ավստրալիայի հարաբերությունների սերտացմանն ու ավստրալահայությանն ավելի կմոտեցնեն Հայաստանին: