Աշակերտական ծաղկեմատույց Նոր Ջուղայում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (լուսանկարներ)
Ապրիլ 19-ին, ժամը 10:30-ին Նոր Ջուղայի Հայոց Ազգային կրթահամալիրի մանկապարտեզ-նախակրթարանի սաները, ապրիլի 20-ին, ժամը 00:30-ին «Արմեն» տարրական երկսեռ համալիրի և ապրիլի 20-ին ժամը 00:30-ին «Քանանյան» իգական և «Կատարինյան» արական ուղեցույց-միջնակարգ դպրոցների, ինչպես նաև Շահինշահր քաղաքի Հայոց ազգ. Սրբ. «Վարդաննաց» դպրոցի աշակերտ-ուհիները ներկա են գտնվել Ս. Ամենափրկիչ վանքի բակում խոյացած Մեծ եղեռնի հուշարձանի մոտ և աշակերտական ելույթներով ու ծաղիկներ խոնարհելով հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության հետևանքով զոհված 1,5 միլիոն նահատակների հիշատակին: Այս մասին Իրանից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Երանուշ Թահմազյանը:
Նրանց դիմավորել են Հոգևորականաց դասից, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Նոր Ջուղայի Կենտրոնական հանձնախմբից և ազգային մարմիններից ներկայացուցիչներ: Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանի անունից մանկապարտեզ-նախակրթարանի սաներին ողջունել է Տ. Վազգեն քահանա Քեոշկերյանը, իսկ տարրական, ուղեցույց և միջնակարգ դպրոցների աշակերտներին՝ Տ. Արտակ աբղ. Արաբյանը: Հոգևոր հայրերը նաև հանդես են եկել «Հիշելու և պահանջելու» պատգամով: Վերջում միասնաբար աղոթել են ապրիլյան նահատակների հոգու խաղաղության համար:
Լուսանկարները` հեղինակի