Կոնգրեսական Շիֆը խորապես հիասթափված է, որ Օբաման հրաժարվել է արտաբերել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24–ի հայտարարության մեջ
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը խորապես հիասթափված է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915–1923 թթ.–ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ջարդը հերթական անգամ չի բնութագրի որպես «ցեղասպանություն»։
Նախօրեին Սպիտակ տանը տեղի է ունեցել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուի, ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսի և Ամերիկայի հայկական ասամբլեայի և Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայերի դեմ դաժան հանցագործությունների 100–րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները։ Հանդիպման ընթացքում Սպիտակ տան ներկայացուցիչները նշել են, որ Օբաման ապրիլի 24–ի կապակցությամբ իր ամենամյա ուղերձում որոշել է չարտաբերել «ցեղասպանություն» բառը։
«Որքա՞ն պետք է սպասեն ցեղասպանության զոհերն ու նրանց ընտանիքները, մինչև մեր երկիրը խիզախություն դրսևորի, որպեսզի Թուրքիային առերեսի Օսմանյան կայսրության հանցավոր անցյալի հետ։ Ո՞վ, եթե ոչ նախագահը, ով անցյալում եռանդով և համոզիչ կերպով խոսում էր ճանաչման մասին, եթե ոչ 100 տարի անց, ապա ե՞րբ», – գրել է կոնգրեսականը Facebook-ի իր էջում։
Շիֆն ընդգծել է, որ ԱՄՆ–ն արդեն վաղուց կհապարտանար, որ մարդու իրավունքների պաշտպանության փարոսն է, հանդես է գալիս վայրագությունների դեմ` դիմակայելու համար սեփական և այլ երկրների անցյալի ցավագին էջերին։ Նրա խոսքով` նախագահի և Կոնգրեսի կողմից ժխտողականությունը չի կարող հավասարացվել ցեղասպանությանը մեղսակից լինելու քաղաքականությանը։
«Նախորդ շաբաթ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդես եկավ հզոր ելույթով`անհրաժեշտ համարելով վիրակապել վերքը, որը շարունակում է արնահոսել ճանաչման բացակայության պատճառով», – ավելացրել է կոնգրեսականը` կոչ անելով Վաշինգտոնին ականջալուր լինել։
Հայաստանը 2015 թ.–ին ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Երկիր են հրավիրված աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պատվիրակություններ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիմնական սգո արարողությունները նախատեսված են ապրիլի 24–ին։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։