Ամերիկահայեր. Օբաման զիջեց Թուրքիային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն և ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին հաստատել են, որ Միացյալ Նահանգների նախագահը որոշել է ապրիլի 24-ի իր հայտարարությունում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում:

«Այն, որ նախագահ Օբաման զիջեց Թուրքիային, ազգային ամոթ է: Ավելի պարզ ասած՝ դա դավաճանություն է ճշմարտությանն ու վստահությանը»,- հայտարարել է Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը:

«Մինչ ապրիլի 24-ին համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացած է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին, նախագահ Օբաման, ցավոք, մեր երկրի հեղինակությունն օգտագործում է ոչ թե ի պաշտպանություն ճշմարտության, այլ մեկ այլ երկրի տաբուի կանոնը պաշտպանելու համար»,- հայտարարել է Հաչիկյանը:

ANCA-ն հիշեցրել է, որ ընտրվելու համար Օբաման ոչ երկիմաստ խոստացել էր 1915-1923 թ.թ. Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայերի սպանությունները Ցեղասպանություն ճանաչել: 2008 թվականի հունվարի 19-ի հայտարարությունում նա գրել էր. «Անհնար է ժխտել այդ փաստերը: Պաշտոնական տրամաբանությունը, որը դիվանագետներին ստիպում է խեղաթյուրել պատմական փաստերը, անընդունելի է: Որպես սենատոր՝ ես հստակ կերպով սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը»:

Scroll Up