Բունդեսթագում հայոց ջարդերի մասին բանաձևի տեքստից հանվել է ցեղասպանություն եզրը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Germania.jpg)
Հայտնի է դարձել ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում քվեարկության դրվող Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի տեքստը։ Ինչպես հաղորդում է Die Presse-ն, բանաձեւի տեքստը չի պարունակում ցեղասպանություն բառը։
Այդուհանդերձ Գերմանիայի խորհրդարանը այդ բանաձեւով Թուրքիային կոչ է անում ճանաչել կատարված փաստը, գրում է NEWS.am-ը: Գերմանիայի կառավարական կոալիցիան որոշել է դատապարտել 100 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում հայոց ջարդերը։ Չնայած սեփական շարքերից հնչող պատգամավորների սուր քննադատությանը՝ ցեղասպանություն եզրը բանաձեւից հանվել է Թուրքիայի հետ հարաբերությունները չվտանգելու պատճառով։
Ապրիլի 24-ին Բունդեսթագում ներկայացվող բանաձեւի տեքստը ունի հետեւյալ տեսքը. «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի բնաջնջումը հայ ժողովրդի հազարամյա պատմության մեծագույն եւ լուջ հետեւանքներ ունեցած աղետն էր։ Անկարային կոչ ենք անում վերջ տալ փաստերը ժխտելուն»։
Բունդեսթագում վերջին մի քանի ամիսների ընթացքում բոլոր 4 խմբակցություններից կազմված խումբ է ստեղծվել, որը քննարկում է, թե գերմանական կողմը Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ինչ դիրքորոշում պետք է ունենա։ Կանաչների միության անդամ Ջեմ Օզդեմիրը եւ Ձախերի ներկայացուցիչ Պետրա Փաուն առաջ են քաշում խորհրդարանի կողմից ցեղասպանություն եզրը ընդունելու բանաձեւը։ Մինչդեռ սոցիալ դեմոկրատները եւ իշխող կոալիցիայի պատգամավորները խուսափողական դիրքորոշում են ընդունել։