Թուրքերն ԱՄՆ-ում թուրքական դեսպանատան դիմաց «հայկական» հերթապահություն են սկսել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/turkler_abd_de_nobette.jpg)
Վերջին տարիներին Վաշինգտոնի թուրքական դեսպանատան դիմաց ԱՄՆ-ում բնակվող թուրքերի կողմից ապրիլի 23 իրականացվող հերթապահությունն այս տարի 10 օր շուտ է սկսվել: Պատճառը, ըստ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ սպասվելիք միջոցառումների բազմաքանակությունն է, գրում է ermenihaber.am-ը: Նշյալ հերթապահությունը նպատակ ունի հայերին թույլ չտալ դեսպանատան հարակից տարածքում միջոցառումներ անցկացնել:
Թուրքական դեսպանատան դիմաց հավաքված թուրքերն այնտեղ են եկել բավական պատրաստված` իրենց հետ բերելով քնապարկեր, տաք սավաններ, անձրևանոցներ և սնունդ: Նրանք նույնիսկ վրան են տեղադրել դեսպանատան դիմաց:
Աղբյուրը նաև հաղորդում է, որ ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները, ի պատասխան ամերիկահայության ձեռնարկած գործողությունների, մի շարք ակցիաներ են իրականացնում Վաշինգտոնում, Նյու Յորքում, Տեխասում և Մասաչուսեթսում: Նրանք հանրային վայրերում և մետրոների կայարաններում թուրքամետ բովանդակությամբ վահանակներ են տեղադրում, իսկ ավտոբուսների վրա փակցնում են հայ-թուրքական համագործակցության կոչերով պաստառներ:
Ապրիլի 24-ին ԱՄՆ-ի թուրքերը նախատեսում են «Խաղաղություն և համերաշխություն» կարգախոսով քայլերթ անցկացնել, որը կսկսվի Սպիտակ տան մոտից և կավարտվի թուրքական դեսպանատան դիմաց: