Հալեպում և նրա շուրջ առկա իրավիճակը որևէ դրական կանխատեսման հույս չի ներշնչում. արաբագետ

Մարտի 24-ից չեն թարմացվում Հալեպահայ Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Perio News» պաշտոնական լրատվական էջը ֆեյսբուքում , ինչպես նաև թեմի «Գանձասար»պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջը:

Վերոնշյալը նշանակում է, որ շուրջ 20 օր է` առնվազն Սիրիայի մեծությամբ երկրորդ Հալեպ քաղաքի հայաբնակ շրջաններում արգելափակված է համացանցը. կարելի է ենթադրել նաև, որ նշված ժամանակահատվածում քաղաքում կրկին լրջորեն սրվել էր կենցաղային և սոցիալական իրավիճակը:

Իսկ, ընդհանուր առմամբ, վերջին 2 ամիսների ընթացքում դարձյալ բավականին թեժացել էր ռազմական իրավիճակը ամբողջ Հալեպում, ինչն անհետևանք չի մնացել նաև քաղաքում ապրող բազմահազարանոց հայ համայնքի համար:

Մասնավորապես, անցյալ շաբաթվա վերջին հակակառավարական որոշ խմբավորումների կողմից ինքնաշեն հրթիռներ են ուղարկվել Սուլեյմանիե հայաբնակ թաղամասի վրա, ինչի հետևանքով փլուզվել էին մի քանի բնակելի շենքեր: Հրթիռակոծման հետևանքով վիրավորվել են շուրջ 1 տասնյակ հայորդիներ, լուրջ նյութական կորուստներ է կրել նաև հայկական Սիմոն Վրացյան կենտրոնը, որտեղ ժամանակավորապես տեղափոխվել էր Ազգային առաջնորդրանը:

Հալեպի հետ կապված իրավիճակի սրումը պայմանավորված է նաև այն իրողությամբ, որ Սիրիայի խոշոր քաղաքների նկատմամբ աստիճանաբար իր ախորժակն է ցուցաբերում նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը: Արդեն այս տարեսկզբից ԻՊ- որոշակի ակտիվություն էր ցուցաբերում Սիրիայի կենտրանական Հոմս, Համա նահանգների և համանուն վարչական կենտրոնների շրջանում, իսկ ապրիլի 1-ից իսլամականներն ակտիվ ռազմական գործողություններ են վարում մայրաքաղաք Դամասկոսի հարավում տեղակայված պաղեստինցի փախստականների Յարմուք ճամբարում՝ միաժամանակ մարտնչելով և՛ ճամբարը վերահսկող հակակառավարական «Սիրիական ազատ բանակ» կառույցի մաս կազմող որոշ խմբավորումների, և՛ սիրիական բանակային ստորաբաժանումների դեմ:

Իսկ արդեն ապրիլի 10-ին միջազգային մի շարք լրատվամիջոցներ համաժամանակ գրեցին, որ ԻՊ-ն էականորեն ամրապնդել է իր դիրքերը Հալեպի հյուսիսում, որտեղ ստանալով նորանոր համալրումներ, լուրջ հավակնություններ է ցուցաբերում ողջ քաղաքի նկատմամբ, որի զգալի հատվածը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության ներքո, իսկ մի շարք շրջաններ էլ տնօրինում են տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումներ:

Դատելով ծավալվող գործընթացներից և առհասարակ սիրիական հակամարտության տրամաբանությունից՝ կարելի է կանխատեսել, որ մեծ է հավանականությունը Հալեպի՝ կատաղի մարտերի թատերաբեմ է դառնալու: Իսկ իրավիճակն առավել անկանխատեսելի է դառնում այն իրողության պայմաններում, որ այս շրջանի հետ կապված լուրջ հավակնություններ ունի նաև Սիրիայի հյուսիսային հարևան Թուրքիան:
Վերոնշյալի համատեքստում, կրկին օրակարգի հարց է դառնում դեռևս Հալեպում ապրող շուրջ 2 տասնյակ հազարի հասնող մեր հայրենակիցների անվտանգության խնդիրն՝ այս անգամ արդեն օբյեկտիվ բարդություններ ստեղծելով ժամանակային սահմաններ կանխատեսելու հարցում: Վերջին զարգացումներից առաջ դրությունը Հալեպում կրկին սրվել էր 2014-ի մայիս-հունիս ամիսներին, երբ աղետի գոտի հայտարարվեց քաղաքի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը, որից հետո տևական ժամանակ անվտանգային իրավիճակը քաղաքում զգալիորեն բարելավվել էր:

Հալեպում ստեղծված տագնապային իրավիճակի թելադրմամբ՝ սոցիալական ցանցերում կոչեր են հնչում ՝ քաղաքում բնակվող հայ երեխաներին մայիսի 12-ից՝ ուսումնական տարվա ավարտից հետո, առավել անվտանգ վայրեր՝ մասնավորապես Հայաստան կամ Լիբանան տեղափոխելու վերաբերյալ: Ի պատասխան՝ արդենիսկ տարածվել է Հայաստանի կառավարության պատրաստակամ արձագանքը ՝ Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար պատշաճ ընդունելություն կազմակերպելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում:

Անհերքելի է, որ օրակարգային է դարձել սիրիահայության ապագայի հետ կապված ռազմավարության շրջանակներում առանցքային փոփոխությունների իրագործումը և դրանց կենսգործումը հնարավորինս սեղմ ժամկետներում: Համենայն դեպս, Հալեպում և նրա շուրջ առկա իրավիճակը որևէ դրական կանխատեսման հույս չի ներշնչում:

Հեղինակ՝ արաբագետ Արմեն Պետրոսյան

Աղբյուր` Panorama.am

Scroll Up