Հայոց ցեղասպանությունը Վատիկանի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ

Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերը Վատիկանի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ են դարձել։

 IlFattoQuotidiano.it պարբերականի փոխանցմամբ՝ «20-րդ դարի առաջին ցեղասպանության» մասին խոսքերը դուր չեն եկել Անկարային, գրում է Արցախպրեսը: Առաջին հերթին Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Անկարայում Վատիկանի դեսպանին՝ Անտոնիո Լուչիբելոյին, ում հայտնել են Հռոմի պապի խոսքերի վերաբերյալ Անկարայի «հիասթափության» մասին»,- գրում է պարբերականը։

Մի քանի ժամ անց Թուրքիան հետ է կանչել Սուրբ Աթոռում իր դեսպանին: Արտգործնախարարությունը հայտարարության մեջ ասել է, որ թուրք ժողովուրդը չի ընդունում Հռոմի պապի հայտարարությունը, «որը վիճելի է բոլոր տեսանկյուններից, որը հիմնված է կանխակալ կարծիքի վրա, որն աղավաղում է պատմությունը»: Դեռ Սուրբ Աթոռից որևէ արձագանք չի եղել, գրում է աղբյուրը:

Այնուամենայնիվ, Վատիկանում IlFattoQuotidiano.it-ի աղբյուրները հայտնել են Պետության քարտուղարությունում (Վատիկանի «կառավարությունում») թուրքական իշխանությունների արձագանքի հետ կապված «զարմանքի» մասին: Նրանք ընդգծել են, որ Վատիկանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ չի փոխվել և նույնն է, ինչ 14 տարի առաջ Հռոմի Հովհաննես Պողոս II պապի օրոք: Բացի այդ, նույն աղբյուրները նշել են նաև, որ երբ Պապը նոյեմբերին գնացել է Թուրքիա, նա հարգել ու պատվել է թե՛ Աթաթուրքի հիշատակը՝ այցելելով դամբարան, թե՛ նախագահ Էրդողանին՝ մտնելով նրա շքեղ Սպիտակ պալատը՝ լինելով դա անող առաջին միջազգային անձնավորությունը:

«Ես գրեթե համոզված եմ, որ Հռոմի պապի խոսքերը սրով կընդունվեն թուրքական կառավարության և Թուրքիայի առաջնորդի կողմից»,- իտալական Ansa գործակալությանը հայտնել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես տարբերակում եմ թուրքական իշխանություններին թուրք ժողովրդից: Համոզված եմ, որ Հռոմի պապի խոսքերը կդիպչեն շատ թուրքերի մտքերին և սրտերին, ովքեր հնարավորություն կունենան վերանայելու Հայոց ցեղասպանության շուրջ իրենց դիրքորոշումը և ազատվելու պատմության ծանրությունից»:

Պարբերականը նաև մեջբերել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերը. «Մենք մի իրավիճակում ենք, երբ Թուրքիան խոսում է միջազգային հանրության լեզվից տարբեր մի լեզվով և թվում է, որ չի կարողանում խոսել այլ լեզվով: Այս վերջին օրերին բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ընդունում են բանաձևեր կամ հայտարարություններ, որոնցով ճանաչում են Հայոց ցեղասպանությունը և կոչ են անում Թուրքիային անել նույնը: Եվ Հռոմի պապի հայտարարությունը համամարդկային արժեքների կոնտեքստում է: Երբ Թուրքիան հասկանա սա, կհասկանա, թե ինչ են ասում միջազգային հանրությունը և Հռոմի Ֆրանցիսկոս պապի նման մեծ անձնավորությունները»:

 Պարբերականը գրում է, որ Թուրքիան շարունակում է ժխտել, որ 1915-16 թվականների դեպքերը ցեղասպանություն են, և մշտական դիվանագիտական պատերազմ է տանում, որպեսզի թույլ չտա ցեղասպանության ճանաչում՝ նշելով, որ Անկարան միշտ մերժել է «ցեղասպանություն» եզրույթը: Թերթը որոշ տվյալներ է ներկայացնում Հայոց ցեղասպանության մասին և նշում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: IlFattoQuotidiano.it-ը հիշեցնում է նաև, որ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը պատժվում է ազատազրկմամբ Քրեական օրենսգրքի 301 հոդվածով. այս պատճառով են հետապնդվել գրականության նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը և լրագրող Հրանտ Դինքը, ով սպանվել է 2007 թվականի հունվարին՝ ծայրահեղ ազգայնականի կողմից, գրում է լրատվամիջոցը:

 

Scroll Up