Առաջին անգամ կցուցադրվի «Կոմիտաս. կարոտի կռունկ» ֆիլմ–ներկայացումը

«Համազգային վստահություն» խորհուրդը միանում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո անցկացվող Եղեռնի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքին և 2015թ մարտի 30-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանրությանը կներկայացնի «Կոմիտաս. Կարոտի կռունկ» ֆիլմ-ներկայացումը, տեղեկացնում է «Համազգային վստահություն» հանրային խորհուրդը։ Ֆիլմ-ներկայացումը (սցենարի հեղինակ, ռեժիսոր, երաժշտական խմբագիր, և Կոմիտասի դերակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ վարչապետի ոսկե և ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալակիր, ՀՀ հանրային հեռուստառադիոյի վաստակավոր խոսնակ-ասմունքող Ս. Նաջարյան) արտացոլում է Կոմիտաս մարդու, Կոմիտաս երգահանի, Կոմիտաս հոգևոր առաջնորդի, բանաստեղծի, հայրենասերի և փիլիսոփայի տարագիր կյանքի գեղեցիկ և միևնույն ժամանակ ողբերգական պահերը: Ֆիլմ-ներկայացումը Կոմիտասի կերպարը ներկայացնում է այնպես, ինչպես այն եղել է իրականում՝ ըստ արխիվային նամակների, հուշերի, մենախոսությունների, մտքի պայծառացումների և մթագնումների: Այն դիտել են աշխարհի տարբեր երկրներում: Իր դաստիարակչական-ուսուցողական բնույթով այս ֆիլմ-ներկայացումը ուղերձ է երիտասարդ սերնդին ու նաև օտարազգիներին, որ, այո´, եղել է Հայոց ցեղասպանություն և այն պետք է ոչ միայն ընդունել, գիտենալ, այլ նաև դատապարտել և պահանջել:

Scroll Up