Մեկ օրում՝ երկու քաղաք. Ո՞վ է հաջորդը

Մարտի 26-ին իսպանական երկու քաղաք՝ Պինտոն (Pinto, Madrid) և Չիրիվեյան (Xirivella, Valencia) ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Նույն ժամին, երբ Պինտոյում (Մադրիդ) քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչում և դատապարտում էր Ցեղասպանությունը՝ հորդորելով ժողովրդավար երկրների կառավարություններին հետևելու իր քայլին, Իսպանիայի մեկ այլ քաղաքում՝ Չիրիվեյայում (Վալենսիա), քաղաքային խորհուրդը կազմող բոլոր չորս կուսակցությունները՝ Ժողովրդական կուսակցությունը (PP), Սոցիալիստական կուսակցությունը (PSOE), Կոմպրոմիսը (Comrpomis) և Ձախ Միությունը (Izquierda Unida) նույնպես միաձայն հետևեցին Պինտոյի և նրանից առաջ արդեն Ցեղասպանությունը դատապարտած մյուս քաղաքների (Միսլատա, Սանտա Կոլոմա, Բուրխասոտ և Բետերա) օրինակին: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Իսպանիայի (Վալենսիա) Արարատ Հայկական Միությունը:

Չիրիվեյայի քաղաքային նիստին ներկա էին նաև Արարատ Հայկական Միության ներկայացուցիչները՝ նախագահ Արարատ Ղուկասյանը, փոխնախագահ Ջիվան Միրզոյանը, ատենադպիր Նարինե Նավասարդյանը և լուսանկարիչ Անդրանիկ Մանուկյանը: Բանաձևը ներկայացրեց Ձախ Միության խոսնակ Ժոան Անտոնի Պերեսը (Joan Antoni Perez)՝ իր խոսքում նշելով, որ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն պետք է ստանա իր պատշաճ պատասխանը և որ «բոլոր ժողովրդավարական երկրները պետք է ճանաչեն այն և ստիպեն Թուրքիային ներողություն խնդրել ու հատուցել այդ սարսափելի հանցանքի վնասները»:

Խոսք առավ նաև Կոմպրոմիսի խոսնակ Ռիկարդ Բարբերան (Ricard Barbera), ով նշեց, որ աշխարհով մեկ սփռված հայությունը միջազգային հանրությանը տվել է այնպիսի հանրաճանաչ անհատականություններ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Անդրե Աղասին և իսպանաբնակ ջութակահար Արա Մալիկյանը: «Մենք մշտապես հայ ժողովրդի կողքին ենք»,- եզրափակեց իր խոսքը Բարբերան:

Ցեղասպանությունը դատապարտող ելույթներով հանդես եկան նաև ժողովրդականների և սոցիալիստների խոսնակները, ինչպես նաև քաղաքապետ Էնռիկե Օրտին:
Բանաձևը միաձայն ընդունելուց հետո, Արարատ Ղուկասյանն իսպանահայության և աշխարհասփյուռ հայության անունից շնորհակալություն հայտնեց ինչպես Չիրիվեյայի, այնպես էլ Պինտոյի քաղաքապետարաններին՝ «Արդարության կողքին կանգնելու և հայության գլխավոր պահանջը պաշտպանելու համար»: Ղուկասյանը նաև հրավիրեց ներկաներին ապրիլի 16-ին Միսլատայում կայանալիք Վարուժան Ոսկանյանի հեղինակած «Շշուկների մատյան» աշխատության շնորհանդեսին, ինչպես նաև խորհուրդ տվեց այցելելու Հայաստան և ապրիլի 24-ին ներկա լինելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

    Իսպանիա Իսպանիա1 Իսպանիա2Իսպանիա3 Իսպանիա4 Իսպանիա5

Scroll Up