Պահարանում պահված դին. թուրքական Zaman-ի հոդվածը՝ Ցեղասպանության ճանաչման անխուսափելիության մասին

Թուրքական Zaman պարբերականում հրապարակված հոդվածում Ջուսթ Լեգենդինջքը խոսել է մոտեցող Ապրիլի 24-ի, Թուրքիայի կառավարության անամոթ քայլի, Ցեղասպանության մասին հրապարակումների, այդ թվում՝ «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի գրքի մասին:

Հոդվածը artsakhpress.am-ը ներկայացնում է մասնակի կրճատումներով. «Ապրիլի 24-ն արդեն երևում է հորիզոնում, և փախուստի տեղ չի մնացել: Այդ օրն աշխարհի չորս կողմերում մարդիկ Հայոց ցեղասպանությունն են հիշատակելու:

Թուրքական կառավարությունն ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից այլ կողմ շեղելու նպատակով Չանաքքալեի պատերազմի 100-ամյակն անամոթաբար նույն օրը նշելու քայլ ձեռնարկեց: Այդ ջանքերը, սակայն, արդյունավետ չեն լինելու, և Թուրքիան զուր վարկաբեկվելու է:

Ապրիլի 24-ը մոտենում է, և 1915-ին Օսմանյան կայսրության ժամանակ հայերի հետ պատահածի մասին շատ բաներ են ասվելու ու գրվելու:

«Քարնեգի» հիմնադրամում աշխատող գրող և լրագրող Թոմաս դե Վաալը 1915-ից հետո տեղի ունեցածների մասին պատմել է «Մեծ աղետ. Հայերն ու թուրքերը՝ Ցեղասպանության ստվերում» գրքում:

Դե Վաալը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հարցերով մասնագետ է և 1915-1916 թվականների մասին այլ պատմություն գրել չի ցանկանում:

Գիրքն այդ տարիներին տեղի ունեցած տեղահանության և կոտորածների վերաբերյալ արդար և հավասարակշռված քննարկում է սկսում:

Դրան զուգահեռ Դե Վաալն իր տեսակետն է արտահայտում գրքի սկզբում՝ օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը:

Դե Վաալը նշում է, որ միայն 1965-ից հետո են հայերը Ցեղասպանությունը ճանաչելու պահանջ ներկայացրել, և դա Խորհրդային Հայաստանից դուրս ապրողների համար ինքնության հարց է դարձել:

Նա լավատեսորեն կարծում է, որ թուրք հասարակությունն ի վերջո հասկանալու է, թե Օսմանյան կայսրության գոյության վերջում մոտ 2 մլն հայերն ինչպես են «անհետացել»:

Հետո հիշատակվում են Ջենգիզ Աքթարի խոսքերը՝ «Դիակը պահարանում պահելու համար չափազանց ծանր է»»:

Scroll Up