Հունիսի 17-23-ը Մարսելում կայացավ Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը

Հունիսի 19-ին Ժնևում «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության (ՄՄԵ)» շրջանակներում Սփյուռքի հարցերով նախարարական համաժողովին մասնակցելուց հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  մեկնեց Մարսել` մասնակցելու հունիսի  17–ից մեկնարկած «Ֆրանսհայկական գերազանցության շաբաթին»:  «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը» կազմակերպել են  ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, «Terre d` Armenie» կազմակերպությունը: Այն անցկացվում էր  Եվրոպայի   մշակութային մայրաքաղաք հռչակված Մարսել քաղաքում: Միջոցառումներն իրականացվում էին Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի մասնակցությամբ  և Մարսելի քաղաքապետարանի հովանավորությամբ: «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթի» անցկացմանն աջակցել են  Ֆրանսիայի տասնյակից ավելի հայկական կազմակերպություններ, ֆրանսիական և հայկական լրատվամիջոցներ:

 Հրանուշ Հակոբյանը ներկա գտնվեց նաև Ֆրանսիական երիտասարդների միության /ԺԱՖ-ի/  երգի և պարի խմբերի համերգին: Համերգի  ավարտին տիկին Հակոբյանը հանդես եկավ ելույթով և ընդգծեց հայապահպանության հարցում սփյուռքի մշակութային կենտրոնների գործունեության կարևորությունը: Նախարարը մայրենի լեզվի պահպանման ու տարածման, սփյուռքահայ երիտասարդների հայեցի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար  ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալներ շնորհեց Ֆրանսահայ երիտասարդների միության  ուսուցիչներ Էմմա Մարտիրոսյանին, Միքայել Վեմյանին և  Մարիոն Շամասյանին:

Scroll Up