Վիգեն Սարգսյան.«Հուսով եմ` «Ավրորան» ամենահեղինակավոր մրցանակներից կդառնա»

 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Մեդիամաքս»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է «100 կյանք» նախագծին և «Ավրորա» մրցանակին:

– Մարտի 10-ին Նյու Յորքում Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և Վարդան Գրեգորյանը հայտարարեցին «100 կյանք» նախագծի մեկնարկի մասին: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը նախագծին: 

– Նախ և առաջ, ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել նախաձեռնողներին՝ նախագծի հաջող մեկնարկի կապակցությամբ:

Ռուբեն Վարդանյանը «100 կյանք» նախագծի մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պետական հանձնաժողովի շատ անդամներին տեղեկացրել էր դեռևս 2014 թ-ին: Պետության ղեկավարն ու հանձնաժողովի անդամները ողջունել էին այս նախաձեռնությունը:

Իմ կարծիքով, այս լայնածավալ նախագիծը, որ յուրահատուկ ձևով կապում է անցյալը, ներկան ու ապագան, այս տարի աշխարհասփյուռ հայության կողմից ձեռնարկվող ջանքերի կարևոր տարր է: Մենք ցանկանում ենք, որ նախագիծը կյանքի կոչի իր բոլոր նպատակները, իսկ Հայաստանի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել:

– Նախագծի շրջանակում սահմանվել է միջազգային մարդասիրական «Ավրորա» մրցանակը, որի համանախագահներն են Էլի Վիզելն ու Ջորջ Քլունին: Ինչպե՞ս եք գնահատում նման մակարդակի անձանց մասնակցությունը մի նախագծին, որի արմատները հանգում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին: 

– Աշխարհահռչակ անձանց և մարդու իրավունքների ոլորտում ճանաչված մասնագետների մասնակցությունը ժյուրիի կազմում հերթական ապացույցն է այն բանի, որ Հայոց ցեղասպանության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը միջազգային խնդիր է, և ավելի շատ մարդիկ են սկսում մտածել այն մասին, թե ինչպիսին կլիներ մեր աշխարհը, եթե ժամանակին հայերի ոչնչացումն արժանի կերպով դատապարտվեր: Վաղուց ակնհայտ է, որ Թուրքիայի բոլոր փորձերը՝ «տեղայնացնելու» Ցեղասպանության թեման, դատապարտված են, և այս թեման ոչ միայն չի կորցնում իր արդիականությունը, այլև գրավում է ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց ուշադրությունը:

«Ավրորա» մրցանակի ժյուրիի համանախագահներն ու անդամները մրցանակը շնորհելու են այն մարդկանց կամ կազմակերպություններին, որոնք ջանքեր են գործադրում մարդկանց փրկության համար, և շատ խորհրդանշական է, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու ամեն տարի Երեւանում` ապրիլի 24-ին: Հուսով եմ, ժամանակի ընթացքում «Ավրորա»-ն կդառնա աշխարհի ամենահեղինակավոր մարդասիրական մրցանակներից մեկը:

Scroll Up