Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. Ողջույն վիրավոր հայ ժողովրդին. Արաբական մամուլ
Արաբական lebanondebate.com կայքում լրագրող Դավիթ Իսան գրում է.
– Այս տարի լրանում է 100-րդ տարելիցն այն կոտորածների, որոնք գործադրվեցին խաղաղասեր հայ ժողովրդի հանդեպ:
Կոտորածները սկսվեցին 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ Ստամբուլում ձերբակալվեցին 600 հայեր, որոնք քաղաքական գործիչներ էին, մտավորականներ: Վերջինիս հաջորդեց Օսմանյան բանակում ծառայող հայ զինվորների ձերբակալությունները: Բոլորն առանց խղճմտանքի մահվան դատապարտվեցին, այնուհետև Անատոլիայում ապրող հայերը բռնի տեղահանվեցին և կոտորվեցին:
Այս վայրագ գործողություններին զոհ գնացին առնվազն 1,5 միլիոն հայ, որոնք կազմում էին Անատոլիայում բնակվող հայ ժողովրդի մոտավորապես կեսը:
Չնայած բոլոր պատմական աղյուրները հավաստիացնում են, թե հայ ժողովրդի հանդեպ կատարվածը ծրագրված սպանդ էր Օսմանյան պետության կողմից, սակայն նրա իրավահաջորդ թուրքական պետությունը մերժում է այդ կոտորածների իրողությունը:
Հայ ժողովրդի հանդեպ իրագործված բնաջնջումը մեծ վերք է, որը չի կարող սպիանալ միայն Օսմանյան պետության իրավահաջորդի խոստովանությամբ և ճանաչմամբ:
Հայ ժողովուրդն իր իրավունքների անզիջելի կեցվածքով փաստեց, որ այդ կոտորածները համամարդկային իրավունք ունեն: Հայերը ցեղասպանությունից հետո, որտեղ էլ որ հաստատվեցին, ջանացին իրենց հյուրընկալող երկրներին համոզել ճանաչել այդ բնաջնջումը: Այսօր ավելի քան 20 երկիր պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Հայ ժողովուրդն ապրեց աշխարհի չորս ծագերում, կարողացավ ունենալ կազմակերպված գաղութներ՝ պահպանելով իր մշակույթն ու սովորույթները: Նույնիսկ 1991 թվականին, երբ Հայաստանն անկախացավ, նրանք ևս նվիրված մնացին իրենց հյուրընկալող պետությունների հանդեպ:
100-րդ տարելիցի առիթով հարկավոր է, որ միջազգային գետնի վրա ընդունվի պարտավորեցնող օրենքներ բոլոր երկրների համար: Դա պետք է հատկապես վերաբերի մեծ պետություններին, որպեսզի վերջիններս կասեցնեն Իրաքում և Սիրիայում քրիստոնյաների, եզդիների և քրդերի հանդեպ իրականացվող կոտորածներն ու դատապարտեն ոճրագործությունները:
Ի վերջո, պահանջում ենք բոլոր ազատատենչ մարդկանցից՝ ճնշում բանեցնել Թուրքիայի վրա՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այդ քայլով ներողություն կհայցի հայ ժողվրդից և երաշխիք կտա՝ չկրկնելու նման կոտորածներ ապագայում:
Թարգմանությունը՝ «Հայերն այսօրի»