Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի իրավական թղթածրարը պատրաստ է

Ժնեւում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա. Վեհափառի նախագահությամբ տեղի է ունեցել հատուկ հանձնախմբի վերջին նիստը, որտեղ քննարկվել է Կաթողիկոսարանի կողմից Սիսի Հայոց կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացվելիք թղթածրարի վերջնական տարբերակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով «Cilicia tv»­ն, մասնագետներից կազմված հանձնախումբը անցնող երկու տարվա ընթացքում հանդիպումներ է անկացրել` պատրաստելու համար Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով կազմված դատական թղթածրարը:

Հիշյալ թղթածրարն իր վերջնական ձեւն է ստացել եւ մոտ օրերս կներկայացվի Թուրքիայի Սահմանադրական դատարան: Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել է «Հայաստան­ Սփյուռք» համահայկական 5­րդ համաժողովի բացմանը:

«Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»,­ ասել է նա: Հետագայում կաթողիկոսն իր հարցազրույցներում եւ հայտարարություններում բազմիցս նշել է, որ իրենց վերջնական նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հարցի բարձրացումն է, քանի որ վստահ են, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կմերժի հայցը: Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293-­1441-­ին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292­-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին Հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին: Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո 1441-­ին, Էջմիածնի ազգային­եկեղեցական ժողովի որոշմամբ, Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր­կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սիսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում:

Scroll Up