Ցեղասպանությունների ժխտումը մարդու իրավունքների խախտման կոչ
«Aztag Arabic»-ի այսօրվա համարում կարդում ենք, որ Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերջերս վավերացրել է ցեղասպանությունների և ժխտողականության մասին «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունն աշխարհում» ամենամյա զեկույցը, որը Հայաստանի մասին հատվածներ է պարունակում:
«Հայաստանի եվրոպացի ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոայի խոսքով, հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին հավելված-հատվածները:
Զեկույցում կոչ է ուղղվում անդամ երկրներին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և ակնկալվում Եվրամիության ինստիտուտների աջակցությունն այս հարցի շուրջ:
Հանձնաժողովը կոչ է անում նաև անդամ պետություններին` համադրելու մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքները, ինչպես նաև դատապարտելու ցեղասպանությունների և այլ հանցագործությունների ժխտումը` համարելով այն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտում:
Հանձնաժողովը նաև դատապարտել է ազգային փոքրամասնությունների` հայերի և եզդիների հալածանքները Իսլամական պետության կողմից: