Թուրքական մամուլում տպագրված՝ հայերին տեղահանելու և սպանելու երիտթուրքերի հրամանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Sait-Molla-letter.jpg)
Թուրքիայի Պետական խորհրդի անդամ, իրավաբան և «Անգլոֆիլ ընկերակցության» հիմնադիր Սաիթ Մոլլան 1918 թվականին սկսել էր հրատարակել «Թուրքական Ստամբուլ» օրաթերթը, գրում է armeniangenocide100.org-ը:
1919թ.-ի մարտի 25-ին թերթը հրապարակել է «Միության և առաջադիմության» կենտրոնական գրասենյակի՝ Հատուկ հանձնաժողովին հանձնարարական նամակը: Այն վերաբերում էր Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի տեղահանությանը: Թերթն այդ նամակը կոչել է «Ողբերգական և սարսափելի փաստաթուղթ» և նշել, որ այն վերահրատարակվել է առանց որևէ փոփոխության: Հանձնարարական նամակը բաղկացած էր 10 հոդվածներից, որոնք քայլ առ քայլ նկարագրում էին բոլոր այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեին հայերի տեղահանման ընթացքում: Սրանք բոլոր այն գործողություններն են, որոնք նկարագրել էին գիտնականներ Թաներ Աքչամը, Դոնալդ Բլոքսհամը և Ուքուր Ումիթ ՈՒնգյորը որպես տեղահանության մի մաս, – գրում է The Armenian Weekly պարբերականը:
«Թուրքական Ստամբուլը» չի նշել նամակի աղբյուրին, ավելին՝ «Միության և առաջադիմության հանձնաժողովի» պահոցներն անհետացել էին Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո: Սակայն, անկախ այս ամենից՝ ուշագրավ է, որ գոյություն ունեին օսմանյան թուրքական պարբերականներ, ինչպիսիք էին «Թուրքական Ստամբուլը», «Ալեմդարը», «Փեյեմը», որոնք քննարկում և քննադատում էին «Միության և առաջադիմության հանձնաժողովը» Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Թաստաթղթի դրույթները՝ ստորև.
1. Կիրառելով «Ընկերությունների մասին օրենքի» 3-րդ և 4-րդ հոդվածները՝ փակել բոլոր հայկական ընկերությունները, ձերբակալել դրանց գործադիր անդամներին, որոնք ընդդիմանում էին «Միության և առաջադիմության հանձնաժողովի» կառավարությանը, արտաքսել նրանց այնպիսի ծայրամասեր, ինչպիսիք են Մոսուլն ու Բաղդադը, իսկ ճանապարհին կամ տեղ հասնելիս՝ սպանել:
2. Հավաքել հայերի ամբողջ զենքը:
3. Ազդել մահմեդական հասարակության կարծիքի վրա համապատասխան միջոցներով, կազմակերպել մի շարք միջադեպեր (այնպես, ինչպես Ռուսաստանն էր արել Բաքվում) Վանում, Էրզրումում, Ադանայում, որտեղ հայերն իրենց գործողություններով են վաստակել մահմեդականների ատելությունը:
4. Էրզրում, Վան, Մամուրեթ-ուլ-Ազիզ և Բիթլիս քաղաքներում գործողությունների իրականացումը թողնել բնակչության վրա: Զորքերը կիրառել և ռազմական ուժերի գործողությունները ներկայացնել այնպես, կարծես նրանք կանխում են ջարդերը, իսկ ռազմական վայրերում, ինչպիսիք են Ադանան, Սեբաստիան, Բուրսան, Իսմիթ և Իսմիր քաղաքները, հակառակը, աջակցել մահմադեկաններին:
5. Դպրոցի ուսուցիչների, հատկապես 50-ից ցածր տղամարդկանց ոչնչացնելու միջոցներ ձեռնարկել: Թողնել կանանց և երեխաներին հետագայում մահմեդականացվելու:
6. Ոչնչացնել բոլոր այն փախչել հաջողացրած մարդկանց ընտանիքները և քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանք ամբողջովին կորցնեն կապն իրենց հայրենի քաղաքների հետ:
7. Լրտեսության մեջ մեղադրելով՝ պաշտոնանկ անել բոլոր հայ պաշտոնյաներին իրենց կառավարական հիմնարկներից և մասնաճյուղերից:
8. Համապատասխան կերպով ոչնչացնել բանակում ծառայող տղամարդկանց:
9. Անմիջապես սկսել բոլոր այն գործողությունները, որոնք ժամանակ չեն թողնի պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար:
10. Գաղտնի պահել այս հանձնարարական նամակը և առավելագույն խնամքով պահել մեկ կամ երկու անձանց մոտ:
«Նամակում նկարագրված հանձնարարականների համաձայն արտաքսված հայերը հետագայում սպանվել և ոչնչացվել են: Մենք հրապարակում ենք նամակն այնպիսին, ինչպիսին որ է», – գրել է «Թուրքական Ստամբուլ» պարբերականը 1919թ. մարտի 25-ին: