Новые �?звестия. Հայոց ցեղասպանությունը բանալի է ոչ հեռու անցյալի ողբերգական դրվագները հասկանալու համար

Ռուսական Новые �?звестия պարբերականում լույս է տեսել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Չմոռացված ողբերգության արձագանքը» հոդված: ArmenianGenocide100.org-ը ներկայացնում է այն՝ աննշան կրճատումներով:

Այս տարի նշվելու է տխուր տարելից` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայ ազգաբնակչության զանգվածային բնաջնջման սկսվելու հարյուրամյակը: Ապրիլի 24-ին` հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, շատ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, կանցկացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումներ: Ինչքան ավելի է մոտենում այդ օրը, այդքան ավելի բուռն են դառնում քաղաքական կրքերը:

Թուրքական իշխանությունները չեղյալ հայտարարեցին փետրվարի 18-19 կայանալիք Թուրքիա-ԵՄ միացյալ խորհրդարանական հանձնախմբի նիստը այն բանից հետո, երբ նրա ծրագրում ընդգրկվեց Հայոց ցեղասպանության հարցը: Պաշտոնական Անկարան համարում է, որ «ցեղասպանություն» եզրն այդ ողբերգության նկարագրության համար անընդունելի է: Առավել ևս, թուրքական պաշտոնական տեսանկյունից նույնիսկ չի կարելի խոսել զանգվածային կոտորածների համար Առաջին Համաշխարհային պատերազմում Թուրքիան ղեկավարած շարժման` երիտթուրքերի կրած պատասխանատվության մասին:

«Պատմությունը միշտ գրվում է հաղթողի ձեռքով, և նրա տեսանկյունից,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, – մենք դրան դեմ ենք, քանի որ այդպիսի պատմությունը չի կարող լինել արդար»։

Սակայն թուրք պատմաբանների և հասարակության վերաբերմունքը այդ դեպքերին միանշանակ չէ: Այսպես, օրեր առաջ թուրք հետազոտող Մեհմեդ Փոլատելը սուր քննադատության է ենթարկել իշխանությունների կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ չանցկացնելու որոշումը: Դրանց փոխարեն, Թուրքիայում հիշելու են Չանաքքալեի ճակատամարտը, որը տեղի էր ունեցել հենց 1915-1916 թվականներին, և ավարտվել Օսմանյան կայսրության կողմից բրիտանա-ֆրանսիական զորքերի հանդեպ տարած հաղթանակով:

Հայտնի ֆրանսիացի հետազոտող Ռայմոն Կևորկյանը չի բացառում, որ Թուրքիայի իշխանությունների հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ դիրքորոշումը կարող է փոխվել, այդ թվում՝ հասարակության ճնշման հետևանքով: Նա չի բացառում, որ դա կարող է տեղի ունենալ հենց այս տարի:

Կևորկյանը հիշեցնում է, որ թուրք բնակչության 30 տոկոսից ավելին համաձայն չէ 1915թ. ողբերգության բացատրության պաշտոնական վարկածի հետ: Այդ թիվը Կևորկյանը հնչեցրել է Մոսկվայում իր «Հայոց ցեղասպանություն» գրքի ռուսական տարբերակի շնորհանդեսի ժամանակ: Այսօր այդ աշխատությունը հանդիսանում է Օսմանյան կայսրության տարածքում հայ ազգաբնակչության զանգվածային ոչնչացման ողբերգական դեպքերի ամենաընդգրկուն ուսումնասիրությունը:

Ինչպես պատմում է Կևորկյանը, 1915-1916 թվականների դեպերի նշանակության վերաիմաստավորումը կօգնի նաև վերաիմաստավորել մարդկության հետ 20-րդ դարի ընթացքում կատարվածը: Օսմանյան կայսրության հայ բնակչության ոչնչացումն անցած դարի պատմության մեջ մի առանձին ու կարևոր էջ է: Պատմաբանը նշում է, որ դա «20-րդ դարի առաջին դեպքն էր, երբ մարդկանց զանգվածային կոտորածի են ենթարկել բացառապես նրանց ազգային պատկանելության պատճառով: Նա ընդգծում է, որ Հայոց Ցեղասպանության օրինակով կարելի է ինչ-որ չափով ուսումնասիրել նրան հաջորդած ցեղասպանությունների պատմությունը` օրինակ հրեաների ոչնչացումը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, և կանխատեսում անել աշխարհում՝ ինչ-որ տեղ, դրանց հնարավոր կրկնվելու հնարավորությունը:

Օսմանյան կայսրությունում դարասկզբի դեպքերը ուսումնասիրելով՝ Կևորկյանը տալիս է այն իրավիճակի հատկանիշները, որը կարող է հանգեցնել ինչ-որ էթնիկական խմբի ցեղասպանության իրագործման հնարավորությանը: Առաջին` ծայրահեղական ազգայնականների իշխանության գալը, որոնք կուզենան տեսնել միաէթնիկ պետություն (Օսմանյան կայսրության դեպքում դրանք երիտթուրքերն էին): Երկրորդ` պետության ներսում բռնապետական համակարգի հաստատում, որը կճնշի այլախհությունը: Եվ երրորդ` պատերազմ, որի ընթացքի դժվարությունները կօգնեն բռնությունները թաքցնելուն:

Այս կամ այն կերպ, այդ հատկանիշները առկա են XX դարում տեղի ունեցած զանգվածային բնաջնջման բոլոր դեպքերում` ներառյալ 90-ական թվականների Ռուանդայի ցեղասպանությունը: Կևորկյանի համոզմամբ, գերմանական նացիստները, պլանավորելով «հրեական հարցի վերջնական լուծումը», գիտակցաբար կողմնորոշվել են երիտթուրքերի թողած «նմուշի» օրինակով:

Այսպիսով, Հայոց ցեղասպանության հարցը կարող է բանալի հանդիսանալ մարդկության ոչ շատ հեռու անցյալի ողբերգական իրողությունները հասկանալու համար: Ողբերգական տարեդարձի մոտենալու կապակցությամբ, քաղաքական գործիչների և պատմաբանների բուռն քննարկումները, անկասկած, էլ ավելի կուժեղանան:

Scroll Up