Պահանջատիրության հուշարձան և ինը խաչքար Իրաքում

Իրաքի կենտրոնական վարչության նախկին ատենապետ, հասարակական գործիչ Պարույր Հակոբյանը 2014 թվականի հոկտեմբերին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին խաչքարեր պետք է տեղադրվեն Իրաքի հայկական բոլոր եկեղեցիներում: Այսօր նա «Հայերն այսօր»-ի հետ զրույցում հաստատեց, որ խաչքարերն արդեն հասել են Իրաք և այժմ գտնվում են Քուրդիստանի ինքնավար մարզի Էրբիլ քաղաքում: Ինը խաչքարերը և մեկ հուշարձանը Հայաստանից Իրաք են տեղափոխվել Իրանի ճանապարհով:
Պարույր Հակոբյանը նշեց, որ Ցեղասպանության ձեռնարկները համակարգող Իրաքի կենտրոնական հանձնախումբը որոշել է խաչքարերը տեղադրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Խաչքարերը պատրաստված են Երևանում, հեղինակը խաչքարագործ-վարպետ Վարազդատ Համբարձումյանն է:
Խաչքարերը պետք է տեղադրվեն Բաղդադի Սուրբ Կարապետ և Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում, Բասրայի Սուրբ Աստվածածին, Քիրքուկի Սուրբ Աստվածածին, Դհոքի Սուրբ Ներսես Շնորհալի, Ավզրուկի Սուրբ Վարդան, Զախոյի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում: Էրբիլի եկեղեցին դեռ անավարտ է, այդ պատճառով խաչքարը պետք է տեղադրվի հետագայում: Մուսուլի Սուրբ Էջմիածին եկեղեցու խաչքարն առայժմ կմնա Էրբիլում, բոլորին հայտնի քաղաքի ներկա իրավիճակի պատճառով:
Բաղդադի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում պետք է տեղադրվի Ցեղասպանությանը նվիրված հուշարձան, որը խորհրդանշելու է հայ ժողովրդի պահանջատիրությունը:
Խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանը մեզ սիրով տրամադրեց խաչքարի և հուշարձանի լուսանկարները: Ինչպես վերևում նշեցինք, հուշարձանը խորհրդանշում է պահանջատիրություն: Վարազդատ Համբարձումյանը ավելացրեց, որ հուշարձանի վրա տեղադրված խաչը ազատատենչ ժողովրդի համար եղել է և´ հավատքի, և´ ոտնահարված իրավունքների պաշտպանության սուր: