Թուրքիայում հայկական եկեղեցին թմրամոլների ու հարբեցողների հավաքատեղի է դարձել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/Izmir.jpg)
Իզմիրի Մենեմեն շրջանում գտնվող հայկական եկեղեցին ախոռի է վերածվել:
Մինչև 1922 թվականը գործած եկեղեցին այժմ բախտի քմահաճույքին է հանձնվել, ասվում է CNNTurk հեռուստաընկերության ռեպորտաժում:
Այժմ հարակից տարածքների բնակիչները պահանջում են կարգի բերել եկեղեցին, քանի որ այն նաև իրենց անվտանգությանն է սպառնում: Պարզվում է՝ հաճախ որպես ախոռ օգտագործվող եկեղեցին, որի ներսն ամբողջությամբ թալանվել ու աղբով է լցվել, հարմար վայր է դարձել թմրամոլների և հարբեցողների համար:
«Որ ժամին կգան, որ ժամին կգնան՝ հայտնի չէ»,- պատմում է ռեպորտաժի հերոսներից մեկը:
Մեկ այլ բնակչուհի էլ հիշեցնում է, որ Մենեմենի իշխանությունները խոստացել էին վերակառուցել լքված եկեղեցին, սակայն խոստումն այդպես էլ իրականություն չի դարձել:
Հայերի հեռանալուց հետո եկեղեցին որոշ ժամանակ զինապահեստ է եղել, սակայն հետո իշխանությունները տարածքն անուշադրության են մատնել, որպեսզի շենքն «ինքն իրենով» փլուզվի: