2015-ը մեծ չափով կնպաստի հայի կերպարի իմացության խորացմանը. Սերժ Սրապիոնյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/12/003.jpg)
ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը Tert.am-ին տված հարցազրույցում ամփոփել է 2014թ.-ին արված աշխատանքները, դրանց արդյունքում գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև նշել բացթողումները. «Այն, որ տարեցտարի ավելանում է Հայրենիք այցելող սփյուռքահայերի թիվը, մեր ծրագրերի հաջողվածության լավագույն վկայություններից է: Նշեմ նաև, որ Սփյուռքի նախարարության ջանքերի շնորհիվ բազմաթիվ սփյուռքահայ գործարարներ իրենց բիզնեսն են հիմնել ՀՀ-ում և Արցախում և հաջողությամբ վարում են այն»:
-Ինչպե՞ս եք գնահատում 2014 թվականը Ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքների առումով:
-Համարում եմ հաջողված: Ցեղասպանության ճանաչումը ժամանակ պահանջող, իրավաքաղաքական տևական գործընթաց է, և պատահական չէ, որ այն համարվում է պետության հիմնախնդիրներից մեկը: Դրա ապացույցներից է նաև այն, որ ՀՀ Նախագահի՝ 2013թ. ապրիլի 23-ի հրամանագրով ստեղծվեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով», որը ղեկավարում է անձամբ ինքը՝ ՀՀ Նախագահը: Անցնող տարում հանձնաժողովը գումարեց 2 նիստ՝ Բրյուսելում (2014 թ. ապրիլի 5) և Երևանում (2014 թ. մայիսի 26-27): Այդ նիստերում լսվեցին տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքների մասին հաղորդումները, տրվեցին գնահատականներ, վերջնական տեսքի բերվեցին ծրագրերն ու անելիքները:
Ցեղասպանության ճանաչման և հետևանքների վերացման հարցում մեծ աշխատանք է կատարում ՀՀ սփյուռքի նախարարությունը: Ամենօրյա աշխատանքների հանրագումարը դարձան «Հայաստան-Սփյուռք» 5-րդ և լրագրողների 7-րդ համաժողովները, որոնց մասնակցեցին 1100-ից ավելի ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 60 երկրներից: «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովում ընդունվեց հայտարարություն, որին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ նախարարության էլ. կայքում:
-Որքանո՞վ էին տարվա ընթացքում անցկացված նման միջոցառումներն ու ձեռնարկված քայլերը նպատակային:
-ՀՀ սփյուռքի նախարարության անցկացրած միջոցառումները՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին, անպայման նպատակային են և նպաստում են, որ մարդիկ, որոնք հանգամանորեն տեղեկացված չեն 1915-1923 թթ. ոճիրներին, իմանան դրանց մասին՝ աշխարհի որ ծայրում էլ որ լինեն, դրսևորեն իրենց վերաբերմունքը, ըմբռնեն, որ քանի դեռ չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, մարդկության դեմ կշարունակվեն նման ոճրագործությունները: Վկա՝ իրեն «Իսլամական պետություն» հորջորջած խմբավորման գործունեությունն ընդդեմ իրաքյան քրդերի, եզդիների, ալևիների, հայերի և այլ ժողովուրդների:
-Ի՞նչ շոշափելի արդյունքներ կմատնանշեք սփյուռքահայության հետ տարվող աշխատանքների մասով:
-ՀՀ սփյուռքի նախարարության նախատեսած և իրագործած բազմաթիվ ծրագրեր՝ «Արի տուն» (որը, ի դեպ, շատ լրատվամիջոցներ սխալմամբ համարում են հայրենադարձության ծրագիր, մինչդեռ այն հայրենաճանաչության ծրագիր է), «Սփյուռք ամառային դպրոց», «Իմ Հայաստան» փառատոն, «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողով և այլն, ոչ միայն նպաստում են Հայրենիք-սփյուռք կապերի խորացմանն ու զարգացմանը, այլև սփյուռքի հայկական համայնքների միջև կապերի սերտացմանն ու հզորացմանը: Այն, որ տարեցտարի ավելանում է հայրենիք այցելող սփյուռքահայերի թիվը, մեր ծրագրերի հաջողվածության լավագույն վկայություններից է: Նշեմ նաև, որ Սփյուռքի նախարարության ջանքերի շնորհիվ բազմաթիվ սփյուռքահայ գործարարներ իրենց բիզնեսն են հիմնել ՀՀ-ում և Արցախում և հաջողությամբ վարում են այն:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր տված հարցազրույցներում, ասուլիսներում, ելույթներում և տարեվերջյան հաշվետվության մեջ մանրամասն և սպառիչ ներկայացրել է նախարարության կատարած աշխատանքներն ու դրանց արդյունքները: Դրանց մասին առավել հանգամանալից կարող եք տեղեկանալ ինչպես նախարարության, այնպես էլ տարբեր լրատվամիջոցների կայքերից:
-Այդ առումով այս տարվա ընթացքում ի՞նչ բացթողումներ եք տեսնում նախարարության գործունեության մեջ, ի՞նչ պետք էր և կարելի էր անել, որը չի արվել:
-Կարծում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունն ամբողջությամբ և հաջող իրագործել է իր նախանշած ծրագրերը: Անշուշտ, ցանկացած աշխատանքում էլ, հնարավոր է, որ լինեն բացթողումներ և անավարտ մնացած խնդիրներ: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմը նախարարի գլխավորությամբ քննում է դրանք և լուծումներ գտնում: Իմ կարծիքով՝ 2014-ին Սփյուռքի նախարարության աշխատանքներում էական բացթողումներ և վրիպումներ գրեթե չեն եղել:
-2014 թ.-ի ֆոնին ինչպիսի՞ն կլինի 2015-ը հայության համար: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր տարվանից:
-Հուսամ, որ 2015-ը շահեկանորեն կտարբերվի 2014-ից: Ամանորի շեմին սա ոչ միայն մեր, այլև ողջ հայ ժողովրդի ցանկությունն է: Ակնկալում եմ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովուրդն ավելի համախմբված և միասնական կդառնա, մենք բոլորս ավելի կսատարենք պետությանը: Հույս ունեմ նաև, որ 2015թ. Արցախի խնդիրը կկարգավորվի կամ գոնե ավելի հնարավոր կդառնա դրա կարգավորումը, խաղաղություն կտիրի մեր երկրում, սահմանները կլինեն առավել անվտանգ, և ժողովուրդը կզբաղվի խաղաղ և ստեղծագործ աշխատանքով:
-Տարբեր մտավորականներ կարծիքներ են հնչեցնում, որ 2015 թվականը պետք է աշխարհում հային ճանաչելու տարի լինի: Որքանո՞վ են ռեալիստական այդ մոտեցումները:
-Համաձայն չեմ այն մտավորականների հետ, ովքեր կարծում են, թե 2015 թվականը պետք է լինի հային ճանաչելու տարի: Կարծում եմ՝ աշխարհում հային բավականաչափ լավ են ճանաչում: Նաև չի կարելի անտեսել այն փաստը, որ 2015-ը մեծ չափով կնպաստի հայի կերպարի իմացության խորացմանը: 2015 թվականը, ինչպես նշեցի, պետք է լինի Արցախի խնդրի խաղաղ կարգավորման, նրա անկախ ապրելու իրավունքի ճանաչման, նաև Միջին և Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում խաղաղության հաստատման տարի, որպեսզի իրենց տունուտեղը, աշխատանքն ու անդորրը կորցրած մեր սիրիահայ քույրերն ու եղբայրները վերականգնեն իրենց օջախները, շարունակեն իրենց ստեղծագործ կյանքի երկրային ուղին: Այս բոլոր ցանկություններն էլ, կամքի դրսևորման դեպքում, ռեալիստական են:
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ ձեր թերթի ու նրա խմբագրակազմի Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանում եմ ստեղծագործական հաջողություններ և ճանաչում իբրև ամենաանկողմնակալ լրատվամիջոց: