Նարինե Դումանյան. «Եռագույնը ստեղծվեց սեպտեմբերի 21-ին՝ արդարացնելու համար իր անունը»
«ԵՌԱԳՈՅՆ» արևմտահայերեն առաջին լրատվական կայքը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է առաջին կարգի մրցանակի:
Այդ մասին և «ԵՌԱԳՈՅՆ»-ին առնչվող մյուս հարցերի շուրջ «Հայերն այսօր»-ը զրուցել է կայքի գլխավոր խմբագիր Նարինե Դումանյանի հետ:
-Տիկի՛ն Դումանյան, ինչպե՞ս միտք հղացավ ստեղծելու արևմտահայերեն լրատվական կայքը՝ «ԵՌԱԳՈՅՆԸ»:
-Արևմտահայերեն լրատվական կայքը կյանքի կոչեցինք, երբ, լրագրության ոլորտում աշխատելով, տեսանք այդ դաշտի բացը: Հայաստանում և Սփյուռքում արևմտահայերեն լրատվական կայք չկար: Սփյուռքում գոյություն ունեցող արևմտահայերեն կայքերը տվյալ տպագիր թերթի էլեկտրոնային տարբերակն են, իսկ Հայաստանում արևմտահայերեն տարբերակ (այլ լեզուների կողքին) ունեցող միակ լրատվական կայքն առ այսօր մնում է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը: Եվ մենք առաջինն էինք, որ ստեղծեցինք միայն արևմտահայերենով գործող լրատվական կայք:
-Քանի՞ տարի է գործում լրատվական կայքը և զարգացման ի՞նչ փուլեր է անցել:
-«ԵՌԱԳՈՅՆ»-ը ստեղծվեց 2012 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը՝ արդարացնելու համար իր անվանումը: Կայքը «ԵՌԱԳՈՅՆ» անվանեցինք նաև այն հույսով, որ ինչպես Եռագույնը սփյուռքահայության կողմից փայփայվեց մինչև համայն հայության Պետական դրոշը դառնալը, այնպես էլ մեր կայքը՝ իբրև արևմտահայերենի պահպանման ու զարգացման միջոց, կդառնա հայերի սիրելի կայքը:
«ԵՌԱԳՈՅՆ»-ը նախ գործեց միայն արևմտահայերեն, ապա ընթերցողների առաջարկով բացեցինք նաև անգլերեն սյունակը, որպեսզի հայերեն լավ չիմացող հայերին նույնպես ներգրավվենք՝ նրանց համար մատչելի դարձնելով հայերին և Հայաստանին վերաբերվող լուրերը:
Այս բոլորին հաջորդեց անգլիախոս հայերի համար նախատեսված արևմտահայերենի լսատեսողական դասընթացը, որն իր տեսակի մեջ դարձյալ առաջինն է: Սփյուռքի համայնքներից բազմաթիվ նամակներ ենք ստացել: նամակագիրներն ուրախությամբ նշում են, որ մեր դասընթացներն օգտագործում են հայերեն սովորելու համար:
Օգտագործում ենք նաև հայաստանյան արևելահայերենում օգտագործվող օտար բառերի հայերեն տարբերակը: Այդ հրապարակումները, որոնք խթանում են լեզուն անաղարտ պահելու գործին, ևս ունեն մեծ թվով ընթերցողներ:
Վերջերս ԵՌԱԳՈՅՆ-ն ունեցավ նաև հատուկ հոդվածագիր, ով իր շաբաթական հրապարակումներով անդրադառնում է Հայաստանի խնդիրներին:
Այս բոլոր ծրագրերը կարողացանք իրականացնել, երբ մեզ աջակցության ձեռք մեկնեց Գյուլբենկյան հիմնադրամը: Իմանալով կամավոր աշխատանքի մասին՝ հիմնադրամը դրամական տարեկան հատկացում նվիրեց մեր ծրագրերին: Գյուլբենկյան հիմնադրամը մեծ դերակատարություն ունեցավ մեր գործի հաջողության մեջ, ինչի համար շատ շնորհակալ ենք:
-Ո՞ վ է ԵՌԱԳՈՅՆԻ-ի ընթերցողը:
-ԵՌԱԳՈՅՆ-ի ընթերցողները սփռված են աշխարհի ավելի քան 63 երկրներում: Ի ուրախություն մեզ՝ պետք է ասեմ, որ ունենք նաև արևելահայ շատ ընթերցողներ, որոնց համար կայքը սիրելի է, ինչպես սիրելի է արևմտահայերենը:
-Ասացիք, որ ԵՌԱԳՈՅՆ-ը առաջին արևմտահայերեն էլեկտրոնային լրատվական կայքն է: Մրցակիցներ ունե՞ք այս ասպարեզում:
–Վստահ կարող եմ ասել, որ մրցակիցներ չկան, ինչը, սակայն, շատ ցավալի է: Լրատվական կայքն այսօր լեզուները պահպանելու և զարգացնելու լավագույն միջոցն է: Շատ կցանկանայի, որ արևմտահայերեն այլևայլ կայքեր ստեղծվեին և առավել մեծ կարևորություն տրվեր հայերենի այս ճյուղին:
Կցանկանայի նաև, որ Հայաստանի պաշտոնական կայքերը, ներառյալ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կայքը, հետևեին Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքի օրինակին և այլ լեզուների շարքին ունենային նաև արևմտահայերեն տարբերակը: Սա արևմտահայերենի հանդեպ մեծ հարգանք ու կարևորություն ցուցաբերելու առաջին լուրջ քայլը կլինի:
-Տիկի՛ն Դումանյան, բոլորովին վերջերս ՀՀ սփյուռքի նախարարության կողմից «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության ժամանակ ԵՌԱԳՈՅՆԸ արժանացավ առաջին կարգի մրցանակի: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Սփյուռքի նախարարությունը, հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանը, մեր գործունեությունը առաջինը գնահատողներից մեկն է: Կայքի ստեղծման առիթով ու հաջորդող տարեդարձերին նախարարն իր շնորհավորական ու գնահատանքի խոսքն է ընծայել ԵՌԱԳՈՅՆԻՆ: Իսկ այս մրցանակն այդ գնահատանքի լավագույն ապացույցն է, որը շատ ոգևորող և պարտավորեցնող է: Խորապես շնորհակալ ենք այս բարձր գնահատանքի և նախարարության բոլոր աջակցությունների համար:
– Ձեր կարծիքով, իբրև լրատվական կայքի գլխավոր խմբագիր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո ի՞նչ հանգրվանի կհասնենք:
-Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո կթևակոխենք նոր և ավելի կարևոր հանգրվան:
Դեմ եմ այն կարծիքին, որ 100 տարի անցնելուց հետո ամեն ինչ կվերջանա. ո՛չ, այդպես չէ:
Այսօր «Հիշում ենք ու պահանջում», իսկ վաղը պետք է շարունակենք պայքարել մինչև տիրենք մեր բոլոր իրավունքներին: Պայքարը շարունակական գործընթաց է, իսկ մեր պահանջները շատ են և մեր կամքը՝ աննահանջ: Զրուցեց՝ Գևորգ Չիչյանը