Ավարտվել է ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Կիպրոսի Հանրապետություն

Դեկտեմբերի 20-22-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով գտնվում էր Կիպրոսի Հանրապետությունում:

ՀՀ սփյուռքի նախարարը Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի ուղեկցությամբ այցելել է Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի և ներկա է գտնվել Սուրբ պատարագին:

Ազգային Առաջնորդարանի դահլիճում նախարարը հանդիպում է ունեցել թեմական ժողովի և Ազգային վարչության անդամների հետ: Քննարկվել են կիպրահայ համայնքի հիմնախնդիրներին, Կիպրոսում գործող հայկական դպրոցներին, մշակութային և հոգևոր կենտրոններին վերաբերող հարցեր:

Նախարարը կիպրահայ գործիչ Հարություն Անմահունիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալը:

Այցելելով Կիպրոսի խորհրդարան՝ ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ, սոցիալ-դեմոկրատական քաղաքական կուսակցության (EDEK) ղեկավար Վասսոս Լիսսարիտիսի հետ և վերջինիս է հանձնել ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված «Մխիթար Գոշ» մեդալը: Հանդիպմանը ներկա են եղել խորհրդարանական բոլոր խմբացությունների ներկայացուցիչները:

Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը եղել է Նիկոսիայի Նարեկ վարժարանում հանդիպել է ուսուցիչների և աշակերտների հետ, լսել նրանց մտահոգությունները և շնորհակալական խոսքը՝ ուղղված ՀՀ սփյուռքի նախարարությանը իրենց գործունեության հանդեպ մշտական ուշադրության և աջակցության համար:

ՀՀ սփյուռքի նախարարը Նարեկ վարժարանների ցանցի տնօրեն Վերա Թամրազյանին է հանձնել  ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը, միևնույն ժամանակ բարձր գնահատել վերջինիս ջանքերը՝ կիպրահայ համայնքում հայ մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունն ապահովելու գործում:

Նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է նաև Նիկոսիայի Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայ մարմնակրթական ընդհանուր միության   հայ երիտասարդաց ակումբներ (ՀՄԸՄ-ՀԵՄ), մասնակցել Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախմբի համերգին ու հաջորդող տոնավաճառին: Նախարարը հանդես է եկել ելույթով և բարձր  է գնահատել երգչախմբի դերը հայ երգն ու մշակույթը համայնքում պահպանելու և հավուր պատշաճի ներկայացնելու գործում: Նախարարը երգչախմբին հրավիրել է մասնակցելու 2016թ. կայանալիք «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին:

ՀՀ սփյուռքի նախարարը եղել է նաև Կիպրոսի ռադիոկայանում, որտեղ հարցազրույց է տվել միաժամանակ «Հայկական ժամ» ծրագրին և «Արձագանք» ամսաթերթին:

Կիպրոսի ներկայացուցիչների պալատի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, ի պատիվ ՀՀ սփյուռքի նախարարի այցի, կազմակերպել է ընդունելություն, որին ներկա են եղել հայկական կազմակերպությունների և միությունների ատենապետներ , ներկայացուցիչներ:

Այցի ողջ ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարին ուղեկցել է Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:

1 3 4 05 06 07

Scroll Up