Արցախում հաստատված սիրիահայերը խոսում են իրենց երազանքների մասին
Սիրիայում բռնկված պատերազմի հետևանքով՝ այնտեղ ապրող բազմաթիվ հայեր հեռացան երկրից: Ոմանք բռնեցին գաղթի ճանապարհը դեպի այլ երկրներ, ոմանք էլ՝ հանգրվանեցին Հայաստանի տարբեր մասերում: Այս մասին գրում է Aparaj.am-ը:
Արցախում մի քանի տասնյակ ընտանիքներ հաստատվեցին հիմնականում Քաշաթաղի շրջանում:
Արցախում հաստատված սիրիահայերի երազաքների եւ գալիք տարվա հետ կապված ակնկալիքների մասին aparaj.am-ի հետ զրուցեցին իրենք՝ սիրիահայերը:
Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում բնակվող 58-ամյա Արա-Սեպուհ Քեշիշյանը կնոջ՝ Վանայի, 2-ամյա դստեր եւ 6-ամյա որդու հետ 2014 թվականի ապրիլին Սիրիայի Ռասոլայեն գյուղից տեղափոխվել է Հայաստան` անմիջապես հաստատվելով Բերձորում:
Արա-Սեպուհ Քեշիշյանն առաջին անգամ Բեձորում եղել է 2004 թվականին՝ ցանկանալով հող գնել եւ տեղափոխվել հայրենիք: Գործերը ձախողվել են եւ չի կարողացել տեղափոխվել:
Մասնագիտությամբ դերձակ է, սակայն երկար տարիներ Սիրիայում զբաղվել է հողագործությամբ եւ անասնապահությամբ: Արցախում 20 հա հող են տրամադրել հողագործությամբ զբաղվելու համար, սակայն վարկ ստանալու գործընթացն ուշացել է, որի պատճառով այս տարի չի կարողացել հողը մշակել:
Բերձորի շրջավարչակազմը նրանց անմիջապես 3 սենյականոց բնակարան է տրամադրել:
Այժմ թե Արա-Սեպուհը, թե կինը մշտական գործ չունեն: Ինչպես պարոն Արա-Սեպուհն է նշում, ամեն գործ անում է, կարեւորը՝ ընտանիքին ապահովելն է:
Չնայած պատկառելի տարիքին՝ Արա-Սեպուհը ֆիզիկական տարբեր աշխատանքներ է իրագործում՝ շինարարությունից մինչեւ հողագործություն:
<<Նպաստներ ստանում ենք, սակայն միշտ սպասել որևէ մեկի օգնությանը՝ սխալ է: Ամեն մարդ ինքը պիտի մի բան ստեղծի: Մենք այս երկրի մի մասնիկն ենք մեզ զգում, եւ չենք ուզում միշտ խնդրողի կամ պահանջողի դերում գտնվել, պարզապես պետք է կառավարությունն այնպիսի պայմաններ ստեղծի, որ գործ ունենանք, կարողանանք ինքներս մեր ապրուստը վաստակել>>,- նշեց նա:
Արա-Սեպուհ Քեշիշյանը բացառում է որեւէ երկիր տեղափոխվելու տարբերակը: Նա շեշտեց, որ ցանկանում է իր զավակները հայեցի դաստիարակվեն, հայկական միջավայրում ապրեն:
Խոսելով գալիք տարվա պլանների եւ երազանքների մասին՝ պարոն Արա-Սեպուհը նշեց, որ մեծ հույս ունի, որ կկարողանա գալիք տարում իր հողը մշակել եւ բերք ստանալ: Ինքն էլ ունի Նոր տարվա իր երազանքը, որը, կարծում ենք, այնքան էլ մեծ բան չէ: <<Կցանկանայի կով ունենալ, քանի որ տանը երկու երեխա ունեմ. թարմ կաթ ու մածուն ունենալը չէր խանգարի>>,- ասաց նա:
Նոր տարվան պատրաստվում են ունեցած միջոցներին համապատասխան: Նա հավատում է, որ տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի:
<<Թող պատերազմ չլինի աշխարհի ոչ մի երկրում, մնացած խնդիրները լուծելի են>>,-նշեց հավատով:
Բացի այս ընտանիքից, արդեն երկու ամիս է, ինչ Իշխանաձորում են նաեւ սիրիահայ Աբրահամ եւ Երանուհի Դեգիրմենջյանները: Նրանք Սիրիայից տեղափոխվել են Երեւան, ապա՝ Իշխանաձոր: Երկու զավակները Լիբանանում են, մյուս երկուսը դեռ Սիրիայում են:
Իշխանաձորի գյուղապետարանը նրանց անմիջապես բնակարան է տրամադրել <<Թուֆենկյան>> եւ <<Քաշաթաղ>> բարեգործական հիմնադրամների կողմից կառուցված բազմաբնակարան շենքում:
Պարոն Աբրահամը մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, սակայն հիմա մասնակցում է գյուղի շինարարական աշխատանքներին, ասում է՝ գործ միշտ լինում է, քանի որ գյուղում միանգամից մի քանի շինարարություններ են իրականացվում:
Խոսելով գալիք տարվա պլանների եւ երազանքների մասին՝ պարոն Աբրահամը նշեց.
<<Զավակներիս արդեն երկրորդ տարին է չեմ տեսնում, իսկ Սիրիայում մնացած երկու տղաներիցս 4 ամիս է, ինչ լուր չունեմ: Երազում եմ, որ գալիք տարում ընտանիքս միավորվի, բոլորս միասին լինենք, ապրենք այստեղ՝ Արցախում: Ցանկություն ունեմ սեփական մեքենաների վերանորոգման կետ բացել, մասնագիտությամբ աշխատել>>- նշեց նա:
Պարոն Աբրահամը պատմեց, որ Արցախում իրենց շատ լավ են զգում, մարդիկ բարեհամբույր են, եւ իրենք էլ իրենց արդեն արցախցի են զգում:
<<Օտարության մեջ ապրող հայի համար ավելի մեծ երջանկություն չկա, քան հարազատ հայրենիքում ապրելը>>- ասաց նա: