Հին Հալեպը կրկին հրթիռակոծվում է

Հալեպում դեկտեմբերի 9-­ի առավոտյան զինված ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծման թիրախ է դարձել ոսկերիչների շուկան՝ «Ֆարհաթ» հրապարակը: Այս մասին հայտնում է «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը:

Մեծ տակառից պատրաստված հրթիռն ընկել և պայթել է շենքի վրա, որի վերջին հարկը հայի բնակարան է, իսկ մնացածը՝ հայ ոսկերիչների ընկերակցությունը: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել, վնասները միայն նյութական են:

Պայթյունի պատճառով վնասվել է շենքի մոտ գտնվող Հայ Կաթողիկե առաջնորդարանը, հրապարակում գտնվող եկեղեցիները, բնակարաններն ու խանութները: Շրջանն արդեն բնակչությունից ոչ ամբողջական ամայացած է, մեծ թվով հայեր ավելի ապահով շրջաններ են տեղափոխվել:

Հին Հալեպի շրջանը մշտապես բախումների, հրասանդների և հրթիռակոծության կենտրոն է: Հետևաբար, այնտեղ գտնվող Ազգային առաջնորդարանը, Ս. Քառասնաց Մանկանց մայր եկեղեցին և նրա մոտ գտնվող շրջանները ևս ինքնաբերաբար կարող են հայտնվել հրթիռների թիրախում:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7­ին, հետմիջօերից հետո, ուժգին պայթյունը ցնցել է Հալեպ քաղաքը: Զինված խմբավորումների կողմից իրականացված պայթյունը որոտացել է Հալեպի պատմական բերդի մերձակայքում գտնվող Սուլթանիե մզկիթի մոտ, որի հետեւանքով նյութական և ֆիզիկական վնասներ են արձանագրվել: Պայթյունը երկրաշարժի է նմանվել, և քաղաքն ամբողջությամբ ցնցվել է:

Սիրիական հակամարտության մոտ 4 տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 200 հազարից ավելի մարդ: Զոհված հայերի թիվը գերազանցում է 100­-ը:

Scroll Up