Քեսաբահայերն առաջիկա օրերին օգնություն կստանան

Քեսաբահայերն առաջիկա մի քանի օրերի ընթացքում նյութական օժանդակություն կստանան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանն՝ ավելացնելով, որ բնակիչների ցուցակներն արդեն պատրաստ են, և առաջիկա 4-5 օրերի ընթացքում կսկսվի
օգնության բաշխումը: Նրա խոսքով` օգնությունը տրամադրել է Համայակական բարեգործական ընկերությունը: «Շոշափելի գումարը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը փոխանցել է առաջին անգամ Քեսաբ կատարած այցելության ժամանակ»,- նշեց Մանճիկյանը՝ հավելելով, որ օգնություն է տրամդրել նաև «Հայ Հեղափոխական դաշանկցություն» կուսակցությունը, Սիրիահայ շտապօգնության մարմինը, օգնություն են տրամադրել նաև այլ կազմակերպություններ: Օժանդակությունը հերթականությամբ կբաժանվի բնակիչներին` անհրաժեշտ կարիքներ հոգալու պայմանները բարելավելու համար:

Կարո Մանճիկյանը նաև տեղեկացրեց, որ Քեսաբում ենթակառուցվածքներն ընդհանուր առմամբ արդեն վերականգնվել են, իհարկե, որոշ շրջաններում, Քեսաբի մերձակա գյուղերում, դեռ վերականգնողական աշխատանքները շարունակվում են: 70 հաստատություններ այրված ու քանդված են և գրեթե օգտագործելի չեն: Մնացած շինությունների, տների մասին նա նշեց, որ անվնաս տուն չկա, բոլորն էլ ինչ-որ չափով վնասներ կրել են, մեկն` ավելի շատ, մյուսն` ավելի քիչ:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, Մանճիկյանը նշեց, որ 3 ամսվա աշխատանքը փորձում են 3 շաբաթների ընթացքում կատարել:

Բերքի մի մասը հավաքվում է, մարդիկ փորձում են արտերի մշակման աշխատանքներ կատարել:

Մանրամասները՝ armenpress.am կայքում:

Scroll Up