Դինքի սպանության գործով նոր պաշտոնյա կհարցաքննվի

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հարցաքննության է կանչվել Տրապիզոնի այն ժամանակվա անվտանգության վարչության ղեկավար Ռեշաթ Ալթայը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demkrathaber.net­-ը: Ալթայն առաջիկա շաբաթվա ընթացքում ներկայանալու է Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատ և համապատասխան ցուցմունք է տալու: Հաղորդվում է նաև, որ հարցաքննության են կանչվելու ազատ արձակված Էրհան Թունջելը և բանտում գտնվող Յասին Հայալը:

Թուրքական Evrensel պարբերականի հաղորդմամբ` գործը քննող Ստամբուլի ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բյուրոյի դատախազ Յուսուֆ Հաքքը Դողանը դեկտեմբերի 8­ին հարցաքննել է «կասկածյալի» կարգավիճակում գտնվող ոստիկան Բահար Թեքինին: Վերջինս հարցաքննության ժամանակ հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները:

Բահար Թեքինը մեկն էր այն ինը պաշտոնյաներից, որոնց նկատմամբ, Թուրքիայի արդարադատության նախարարության կայացրած որոշման համաձայն, թույլատրվել էր հետաքննություն վարել:

Դինքի սպանության գործի վերանայման շրջանակում օրերս հարցաքննվել էր նաև հանցագործության իրագործման ժամանակաշրջանում Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը: Վերջինս հարցաքննության ժամանակ հայտարարել էր, որ Դինքի սպանության աղբյուրը «Էրգենեկոն» գործով անցնող պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչյուքն է:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19­ին` «Ակոս»­ի խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

2012 թվականի հունվարի 17­ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5­րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել:

Scroll Up