Առաջին ալիքն արդեն անվճար հասանելի է ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի հայերին

Հայաստանի hանրային հեռուստաընկերությունն արդեն միանգամայն անվճար հասանելի է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեքսիկայի եւ Կանադայի հայերին ու մայրցամաքի բոլոր բնակիչներին: Հանրայինն արդեն հեռարձակվում է Գալաքսի 19 արբանյակով, որը բավականին հայտնի է Հյուսիսային Ամերիկայում՝ հատկապես Միացյալ Նահանգներում: Հետեւյալ արբանյակով են հեռարձակվում մի շարք հայտնի հեռուստաալիքներ, ինչպիսիք են Ալ Ջազիրան, Russia today-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, նոր հնարավորություն է ստեղծվել նաեւ Լոս Անջելեսի հայ համայնքի համար: Նրանք թվային CH18.10 եւ CH20.5 ալիքներով, վերգետնյա ոչ կոդավորված հեռարձակմամբ կարող են դիտել Առաջին ալիքի բոլոր հաղորդումները ժամային տվյալ գոտուն համապատասխան՝ Հայաստանում ուղիղ հեռարձակումից 12 ժամ անց: Սա հեռուստաընկերության զարգացման ռազմավարության ամենակարեւոր կետերից մեկն է եւ հնարավորություն է տալիս հաղորդումները Սփյուռքում ամբողջությամբ հասանելի դարձնել:

ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեքսիկայի մեր հայրենակիցներն Առաջին ալիքն ընդունելու համար իրենց տարածաշրջաններին համապատասխան տեխնիկական տվյալներին կարող են ծանոթանալ հեռուստաընկերության պաշտոնական կայքում հետեւյալ հասցեով՝ http://www.1tv.am/hy/satellites:

Առաջին ալիքն այժմ բացի Հյուսիսային Ամերիկայից, շարունակում է հասանելի լինել նաեւ ամբողջ Եվրոպայում, Ռուսաստանում եւ Մերձավոր Արեւելքում:

Scroll Up