Բակո Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի գործունեությունն Արցախին սատարելու, Սփյուռքում հայ ինքնության պահպանման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ` հավելելով, որ Հայ Առաքելական Եկեղեցին հայոց անկախ պետականության առանցքային հիմնասյուներից է եւ անգնահատելի ավանդ ունի նրա զարգացման ու զորացման գործում:

Նախագահ Սահակյանն անդրադարձել է նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

Միջոցառմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Scroll Up