ԱՄՆ նախաձեռնությամբ՝ Թուրքիան քրդերին թույլ կտա օգնության հասնել պաշարված Քոբանիին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Հեռախոսազրույցի արդյունքում Անկարան ռազմական օգնության միջանցք է բացելու, որի միջոցով քրդական ուժերը հնարավորություն կունենան անցնել Սիրիա և իրենց ազգակիցների հետ պայքարել Քոբանին պաշարած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլին հայտարարել է, որ իրենք կօգնեն քրդերին անցնել Քոբանի:
«Մենք երբեք չենք ուզել ու չենք ուզի, որ Քոբանին ընկնի: Դա կանխելու համար Թուրքիան գործադրել է ամեն տեսակի ջանք»,- ըստ «Ջումհուրիյեթ» լրատվականի` ասել է արտգործնախարարը` հիշեցնելով, որ իրենք ապաստան են տվել ավելի քան 200.000 մարդու, ովքեր արտագաղթել են Քոբանիից:
Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հարող «Rudaw» կայքն էլ տեղեկություն է տարածել այն մասին, որ Բարզանին դիմել է Անկարային` թույլ տալու քրդական զինուժին անցնել թուրք-սիրիական սահմանը և օգնության հասնել Քոբանիի ինքնապաշտպանական ուժերին: Ըստ աղբյուրի` թուրքական իշխանությունները տվել են իրենց համաձայնությունը: