Եղեռնի 100-րդ տարելիցին. «Մի կյանքի պատմություն»

Մեր զրույցի ընթացքում,  հերոսուհիս բոլորում էր իր 105-րդ տարին… Մի դար և հինգ տարի ապրեց նա` Մարի Վարդանյանը (Խբիկյանը), ապրեց զարմանալիորեն խաղաղ էությամբ, անվրդով, իրեն շրջապատող հարազատներին, ծանոթներին ու ազգականներին, առաջին անգամ հանդիպողներին իսկ մշտապես անակնկալի բերելով իր ապշեցնող տարողունակ, պայծառ հիշողությամբ ու հուշերով… Հուշեր, ուր Արևմտյան Հայաստանի մալաթիացի Ստեփան Խբիկյանի և Սաթենիկ Մազմանյանի` տիկին Մարիի ծնողների լուսավոր կերպարներն են, թուրքիայի կառավարության անդամ պապիկի` Գևորգ Էֆենդի Մազմանյանի, եղեռնի զոհ գնացած քեռիների, նրանց կանանց, մորաքույրների, հարևաններից շատ-շատերի երբեք չմոռացվող դեմքերը…

  Տիկին Մարիի ճերմակ, բարակած, նշխարի պես թափանցիկ մաշկի վրա շատ քիչ խորշոմներ կային, կարմրած կոպերի տակից մի քանի կաթիլ արցունք էր գլորվում այտերն ի վար, երբ պատմում էր իր հայրենի Ինդարա սարից բխող սառը ջրի մասին, անմահական խաղողի,ճաքող ձմերուկների ու նռան, իր մանկության արահետների, Էրգրի ծով երկնքի ու աղբյուրների, դաշտերի ու ձորերի, համադամ կերակուրների ու քաղցրահամ բլիթների մասին..

«50 թթի ծառ ունեինք, չէինք հասցնում թափ տալ, ինքն իրեն թափվում էր գետնին,չամիչ դառնում, ամեն տեսակ բերք ու բարիք կար, թուրքն ամեն ինչ ավերեց ու թալանեց, արուն արեց, արցունք էլ չմնաց, որ լացեինք, մեռելները թաղող  չմնաց»,– մորմոքով պատմում էր Մարի տատիկը:

…Մալաթիայի փողոցները ջուր բերելու պատրվակով հայ տղամարդկանց տանում էին փոսեր փորելու և գնդակահարում,տանում են և Մարիի հորը,իսկ այն ընտանիքներին, ում տղամարդը չկար, աքսորում էին անհայտ ուղությամբ: Ինքը տատի հետ ևս բռնում է աքսորի ճամփան, հետո հայտնվում է որբանոցում, հրաշքով փրկված մայրը միանում է նրանց: Մարին Հալեպում հանդիպում է իր երկրորդ կեսին` Կարապետ Վարդանյանին, ամուսնանում են, ծնվում են Անահիտը, Լուսինեն, Արմենը, Անգինը…

   Կյանքը շարունակվում էր, բայց երբեք չէր վերջակետվում Մարի տատիկի ծով կարոտը. աչքերում միշտ սպասման ու թաքուն հույսի մի աղոտ լույս էր առկայծում՝ հուսով, որ մի օր պիտի ոտք դնի իր ծննդավայրի հողին…ավա~ղ, երազանքը մնաց անթեղված հոգում:

   Հալեպից Մայր Հայաստանում հանգրվանած նրա ընտանիքը  բնավորվում է վերածնված նոր Մալաթիա թաղամասում, Երևանում: Մեծանում են զավակները, քիչ թե շատ սպիանում են վերքերը, ինքը դարձյալ  շարունակում է պատրաստել Էրգրի ճաշատեսակներն ու թխվածքները` կարնյարեխն ու իշտլի քյուֆթան, յուղով բլիկը, գործում էր, կարում, ասեղնագործում՝ նույնիսկ, երբ մեկ դար և հինգ տարի Երկիր մոլորակի  բեռան մի մասն էլ ինքն էր կրել իր ուսերին:

  Տղան` Արմենը, հարսը` Արաքսը, աղջիկները` Անահիտն ու Անգինը (Լուսինեն մահացել է), այն երջանիկներից են, ովքեր հանձին Մարի տատիկի, վայելել են իրենց մոր ներկայությունն ու սովորել նրանից ապրել արևի նման ու լույսի և ամեն մի բացվող լուսաբացի փառք տալ Տիրոջը:

  Հիշում եմ՝ մեր զրույցի ընթացքում զափթիե, օսման, ենիչերի բառերը պղտորում էին դար անցած հայուհու հոգին ու չէր ցանկանում ետ նայել, վերհիշել, վերապրել… Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի բարձրահարկ շենքերից բնակարաններից մեկում 105 տարի ապրեց ու հանգավ հայոց պատմության  մի պատառիկը, սրբահունչ մի մագաղաթ, 105-ամյա տաճարի մի վեմ ու մի խորան, մի մարմրող ճրագ, նախնյաց մի մասունք` Մարի Վարդանյանը:

Կարինե Ավագյան

Scroll Up